
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մինչև մայիսի 3-ն ուսումնասիրելու են առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական միավորների փաստաթղթերը։ Ըստ այդմ՝ պարզ կդառնա, թե որ ուժերն են գրանցվում։ Իսկ քանի դեռ վերջնական պատկերը պարզ չէ, «Ռադիոլուր»-ը փորձել է դուրս բերել առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների ու դաշինքների այսպես ասած ամենաանհայտ ուժերին ու առանձնացնել սպասվող ընտրությունների ամենաարտառոց դետալները։
Առաջիկա ընտրությունները 2017-ից ի վեր առաջին հերթականն են․ 2018 և 2021 թվականներին դրանք արտահերթ էին: Նախորդ՝ 2021-ի արտահերթ խորհրդարանակին մասնակցել է 25 քաղաքական միավոր՝ 21 կուսակցություն և չորս դաշինք։
Այս անգամ ընտրողի ձեռքում կլինի քվեաթերթիկների ավելի փոքր տրցակ․ առաջադրվել է 19 քաղաքական միավոր՝ 17 կուսակցություն և երկու դաշինք։ Սակայն սա վերջնական թիվը չէ, ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի խոսքով՝ մայիսի 3-ին պարզ կլինի։
«Եթե փաստաթղթերը թերի են ներկայացված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմում է տվյալ սուբյեկտին՝ թերի ներկայացված փաստաթղթերը պահանջելու և այդպես իրականացնում է գրանցումը։ Փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն մինչև մայիսի 3-ը»։
Ուշագրավ է, որ համապետական ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի մի մասը ձևավորվել է 2025-ի դեկտեմբերից հետո՝ առավելապես այս հունվար-մարտին։
Դրանց առաջին անգամ մասնակցելու են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Միասնության թևեր», «Բոլորին դեմ եմ» և «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունները։ Առաջինը ստեղծել է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, բայց նախընտրական ցուցակի առաջին համարում հայտնի պատճառներով նրա եղբորորդին է։ Երկրորդի վարչապետի թեկնածուն Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է։ Իսկ մյուս երկուսի դեպքում շատ բան հայտնի չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները։
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն․ Կյուրեղյան Սպարտակ Տիգրանի, Գևորգյան Իշխան Սամվելի, Կարապետյանց Նինա Տիգրանի։ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն․Սարգսյան Արտակ Գոդերզինի, Հովհաննիսյան Հմայակ Կոնստանտինի, Կուճոյան Լիլիթ Սեյրանի»։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջին համարը քաղաքացիական ակտիվիստ է, որը լիովին մերժում է ներկայիս քաղաքական էլիտային։ Երկրորդ հորիզոնականում իրավաբան ու փաստաբան է, երրորդ համարում իրավապաշտպան է՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության առաջին համարը գործարար է և քաղաքական մի շարք նախաձեռնությունների հեղինակ, հայտնի է իր պրոռուսական հայացքներով, խոսում է ազգային-պահպանողական օրակարգի մասին, շեշտադրում «ազգ-բանակ» հայեցակարգի վերականգնումը։ Հանրությանը հայտնի է այս ուժի երկրորդ համարը՝ քաղաքական գործիչ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Երրորդ հորիզոնականում կրթության ոլորտի ներկայացուցիչ է, մանկավարժական գիտությունների թեկնածու։
Ուշագրավ է, որ այս շրջանում ընդդիմադիր հատվածը պայքարում է ոչ միայն իշխանության հասնելու, այլև՝ հենց ընդդիմադիր դաշտում հարաբերությունները պարզելու համար։ Ամենաբուռն ու փոխադարձ վիրավորանքներով լի բանավեճերը 2-րդ և 3-րդ նախագահների ու նրանց ներկայացրած ուժերի միջև են։ Սակայն ընդդիմության կեցվածքն ու դիրքորոշումները կառավարող թիմին հետաքրքրում են միայն առումով՝ ովքե՞ր են վարչապետի նրանց թեկնածուներն, ու ինչու այդ անունները դեռ չեն հրապարակվում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է նման հարցադրում անողներից մեկը:
«Բելառուսամետ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ասել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն և ասել է` եթե անունը տամ, քրեական գործ կհարուցեն։ Հանճարեղ տրամաբանություն է ուղղակի սա։ Սա նոր խոսք է համաշխարհային քաղաքական գործունեության մեջ, սա պատմության մեջ է գրվելու։ Այսինքն` մենք ունենք մի տարօրինակ քարոզարշավ, որտեղ ընդդիմադիր ուժերի մեծ մասը ընտրություններին մասնակցում են թաքուն, թաքնված վարչապետի թեկնածուներով։ Մյուս ռուսաստանցի օլիգարխի թիմում էլ պնդաճակատի պես հայտարարում են, որ իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է, այնինչ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է և պարզապես չի կարող լինել Հայաստանում վարչապետի թեկնածու կամ վարչապետ, նույնիսկ 100% քվե հավաքեն, Սահմանադրություն էլ փոխեն։ Դա հնարավոր չէ, որովհետև ընտրությունների արդյունքներից անմիջապես հետո պետք է նշանակվի վարչապետ»։
Իշխանական թիմում կարծում են, որ վարչապետի թեկնածուների անունները չեն հրապարակում, որովհետև հետագայում այլ թեկնածուի են սատարելու։
Առաջիկա ընտրություններին առնչվող այլ, այսպես ասենք, արտառոց դետալներ էլ կան։ Հայաստանի վարչապետի երկու հավանական թեկնածուներ՝ Սամվել Կարապետյանը և Վարդան Ղուկասյանը, անցնում են քրեական գործերով և անազատության մեջ են։ Երկուսն էլ երկքաղաքացի են, ինչն արդեն խնդիր է Հայաստանի սահմանադրությամբ։
Անցողիկ շեմի իջեցումը 5-ից 4 տոկոսի թույլ է տվել, որ այս անգամ կուսակցություններից շատերը չընտրեն դաշինքի ձևաչափը։
Նախաքարոզչական փուլում արդեն ուրվագծվում է, որ կուսակցություններից մեկը պատրաստվում է այսպես ասած «տարազային» քարոզչության, մեկ այլ կուսակցություն էլ ընտրողին առաջարկելու է 100 օրվա կառավարություն՝ միայն ընտրական օրենսգիրքը փոխելու և նոր ընտրություններ նշանակելու համար։
Այս ընտրությունը նաև բյուջեի գրպանին «ամենածանր արժեցողն» է․ դրա անցկացման համար հատկացվել է շուրջ 4,5 մլրդ դրամ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդների ծախսերը։
Հունիսի 7-ին ընտրություններով ձևավորվելիք Ազգային ժողովը կունենա առնվազն 101 պատգամավոր: Թիվը կարող է ավելանալ՝ կախված ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունից, կայուն մեծամասնության սկզբունքից և «բոնուսային» համակարգից։ Համեմատության համար՝ 2021-ի ընտրության արդյունքում ձևավորված Ազգային ժողովն ունի 107 պատգամավոր:




