
Վարչապետ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարարը Գիտության օրվա առիթով ԳԱԱ ներկայացուցիչների հետ քննարկել են ոլորտին առնչվող ծրագրերն ու հուզող հարցերը։ Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանն ընդգծել է, որ 2022-ից սկսած գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, առանձին ոլորտներում պետական ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ։ Միաժամանակ, Սաղյանը նկատել է, որ դեռ կան մարդկային ռեսուրսների կառավարման, գիտնականների ատեստավորման խնդիրներ։
Վարչապետ Փաշինյանի ականջը, իր ձևակերպմամբ, ծակում է, երբ գիտության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, թե կառավարությունն աջակցում է ոլորտին։ Գիտության զարգացումը երկրի զարգացման նախադրյալներից է, ու բնական է աջակցությունը մի քանի պատճառով՝ բացատրում է․

«Մենք չենք պատկերացնում պետության զարգացումը առանց գիտության զարգացման, և մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումը առանց կրթության զարգացման։ Բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում, և նաև մի միտք կար, որը մտածում էի` արժի՞ ձևակերպել, թե՞ ոչ, ինչքանո՞վ կընկալվի, որ գիտությունը հենց տնտեսություն է»։
Փաշինյանը հիշում է, որ Ֆիզիկայի ինստիտուտում իզոտոպների արտադրության կազմակերպումը երկար չարչարանքի գնով է տրվել, իսկ դրա շղթայական ազդեցությունն այսօր զգացվում է առողջապահության ոլորտում։
«Այստեղ շղթայական պրոցես ունենք՝ մի կողմից մեր գիտական հաստատությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ են մտնում, մյուս կողմից՝ մեր առողջապահության համակարգը ստիպված չի լինում գումարները երկրից դուրս հանել»։
1 ու կես ժամ գիտաշխատողների բանախոսություններն էին։ Քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Աղայանը, որը մինչև 44-օրյա պատերազմը ապրել ու աշխատել է Էստոնիայում, 2020-ին Հայաստան է բերել ոսկրի վերածվող իմպլանտի ստեղծման նորարարական գաղափարն ու բազմաթիվ մարդկանց քայլելու հնարավորություն տվել։ Աղայանը պատմում է՝ պատերազմի օրերին բժիշկներից մեկի ոտքը վնասվել էր, բայց նա երկար ժամանակ մնացել էր ռազմաճակատում՝ առաջին օգնություն ցույց տալու։ Երբ վերադարձել էր Երևան, բժիկներն անդամահատման տարբերակն էին դիտարկել․
«Մենք առաջարկեցինք զինվորին՝ պատրաստել հատուկ իր համար հարմարեցված եռաչափ իմպլանտ, որը թույլ տվեց մեզ փրկել 35 տարեկան երիտասարդի ոտքը։ Նա, չանցած 1 տարի, քայլում էր առանց հենակների։ Նման օրինակներ շատ ունենք»։
Աղայանը եռաչափ տպագրությունը դիտարկում է գիտության ամենահեռանկարային ոլորտներից ու գտնում, որ Հայաստանն այն կարող է էապես զարգացնել։
«Սա թույլ է տալիս փոքր արտադրություններ ունենալ՝ փոքրամասշտաբ արտադրություն առանց մեծ ծախսերի և թույլ է տալիս նաև տեղային՝ ոչ պահեստավորվող պահեստամասեր արտադրել։ Ինչո՞ւ է սա նաև կարևոր, քանի որ եռաչափ տպագրությամբ արտադրված բոլոր դետալների ինքնարժեքը ցածր է և դրանց արժեքը բավականին բարձր է։ Հաշվի առնելով նաև Հայաստանի լոգիստիկ դիրքը՝ շատ հարմար կլինի նաև տեղափոխելը»։
Վարչապետն արձագանքում է գիտնականի դիտարկմանը․
«Երբ քիչ առաջ խոսվում էր 3D տպագրության միջոցով մարդկանց կյանքերը փոխելու և կյանքի որակը փոխելու մասին, ես էդ ընթացքում մտածում էի և վերհիշում էի, որ մեր բոլոր նորակառույց դպրոցները, որտեղ 3D սարքերը պարտադիր նախագծի մաս են։ Բայց մյուս կողմից ես հիշում և արձանագրում ենք մենք, որ մեր բազմաթիվ դպրոցներում ամիսներով այդ պրինտերները դրած են, բայց դեռևս չեն օգտագործվում»։
Որ ձեռք բերված նորարարական սարքերը ըստ արժանվույն չեն օգտագործվում՝ մտահոգում է նաև ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանին․
« Իմ խորին համոզմամբ, մեր գիտական խմբերը արդեն համալրված են առաջին մոտեցման անհրաժեշտ սարքավորումներով, և հիմա ավելի շատ պետք է կենտրոնանան դրանց լիարժեք շահագործման վրա։ Եթե դա չի արվում, պետությունն իրավասու է տվյալ սարքավորումը հետ վերցնել տվյալ ինստիտուտից և փոխանցել այլ գիտական խմբի։ Այս պրոբլեմը, իմ կարծիքով, պետք է դառնա գիտության զարգացման ռազմավարության ամենահրատապ խնդիրներից մեկը»։
Հաջորդ հրատապ խնդիրը, Սաղյանի համոզմամբ, գիտնականների ատեստավորումն է․
«Մենք գտնում ենք, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ և ներդնել մասնագետների մասնագիտական կարողությունները բարձրացնելու ծրագրեր, նրանց ուղարկել երկարատև վերապատրաստումների, հրավիրել արտերկրյա մասնագետներ ոչ թե մի քանի օրով դասախոսություն կարդալու, այլ աշխատելու, սովորեցնելու, բարձրացնելու մեր երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական կարողությունները, և դա պետք է պետության կողմից խիստ պարտադրված բնույթ կրի` վերջում քննության կամ ատեստավորման ճանապարհով մասնագետին տրամադրելով համապատասխան սերտիֆիկատ»։
Վարչապետը կիսում է խնդիրների մասին դեմառդեմ խոսելու մոտեցումը։
«Գուցե սխալվում եմ, բայց գոնե ես ԳԱԱ շենքում առաջին անգամ եմ նման ձևակերպումներով ելույթ լսում։ Ամենայն հարգանքով, գուցե բաց եմ թողել, բայց ես նկատի ունեմ, ես գոնե առաջին անգամ եմ լսում, և սա շատ կարևոր փոփոխություն է, և որովհետև առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք է փոխվի»։
Թեև կառավարությունում գիտության զարգացումը միշտ քննարկման առարկա է, սակայն, վարչապետի կարծիքով, ոլորտը զարգացնելու ամենաարդյունավետ ու կարճ ուղին ոլորտի մարդկանց հետ անկեղծ զրույցներն են։
ԳԱԱ-ում առաջիկայում թեմատիկ քննարկումներ կկազմակերպվեն՝ գիտության ֆինանսավորումից ու օրենդրական բացերից մինչև ոլորտի միջազգայնացման հարցեր։




