Հասարակություն

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները՝ Արմավիրի հատուկ կարիք ունցող երեխաների դպրոցում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն ու Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն իսկական տոն էին կազմակերպել Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Ուսանողներն ու երեխաները սեփական ցանկությամբ պատրաստել էին նվերներ, խնամքով փաթեթավորել ու հանձնել հասցեատիրոջը: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Հացիկ գյուղի դպրոցի աշակերտները հատուկ դպրոցի երեխաների համար կազմակերպել էին նաև փոքրիկ համերգ:

Դպրոցում 6- ից բարձր տարիքի երեխաները ավարտում են մինչեւ  9-րդ դասարանը: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Նախշուն Գարեգինյանի տեղեկացմամբ՝  78 աշակերտից 63-ը գիշերում են այստեղ, բոլոր պայմանները կան երեխաների առօրյան կազմակերպելու համար։

Արմավիրի մարզի  հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրումից հետո Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցից երեխաներ չեն տեղափոխվել: Երեխաների ուսուցումը հիմնականում կենտրոնացված է դաստիարակչական աշխատանքների վրա։

Դպրոցի երեխաները նախկինում շատ այցելուներ են  ունեցել, ովքեր տարբեր աջակցություններ են ցուցաբերել, սակայն վերջին տարիներին  նրանց հիշում են տարվա մեջ միայն այս օրը: Հացիկի միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն 6 տարի սեփական նախաձեռնությամբ այցելում են օժանդակ դպրոց ու հատուկ կաիրքներ ունեցող իրենց հասակակիցներին հանձնում իրենց նվերները։ Հացիկի միջնակարգ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, «Նաիրի» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ազոյանը նշեց, որ երեխաները սիրով են ներգրավվում նվերների պատրաստման գործին:

Միջոցառումը օրինակելի է եղել նաև Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար, որտեղ սովորում է Հացիկի միջնակարգ դպրոցի շրջանավարտ Վիկտորիա Հարությունյանը: Նա 5-րդ դասարանից մասնակցել է այսօրինակ ակցիաներին և առաջարկել ուսանողներին միանալ նախաձեռնությանը: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Արամ Առաքելյանը մասնակիցների թվում է և օրինակը որակավորում է իրենց մասնագիտության մի մասը, որտեղ անմիջական շփման մեջ են մտնում առանձնահատուկ խնդիրներ ունեցող մարդկանց հետ և փորձ ձեռք բերում:

Back to top button