
Լիանա Եղիազարյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Դրամի՝ ամեն օր նորովի արտահայտվող կտրուկ արժեզրկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Այսօր 1 դոլարը հայաստանյան բանկերը գնում են արդեն 440 դրամով, վաճառում՝ 442-ով: 1 դոլարի դիմաց դրամով ավելի շատ է պետք վճարել փոխանակման կետերում, փոխարժեքն այս կետերում վաճառքի դեպքում արդեն մինչեւ 458-ի է հասնում:
Մարդիկ ահազանգում են, ասում են, որ փոխարժեքի կտրուկ փոփոխությունների պայմաններում այս օրերին դոլար դժվար է գտնել: Դրան մի քանի բացատրություն է տրվում: Նախ՝ սպասողական վիճակը ստիպում է ձեռնպահ մնալ փոխարկումներից: Մի փոքր կոպիտ ձեւակերպմամբ՝ դոլար ունեցողները դա պահում են գուցե ավելի թանկով վաճառելու համար: Կա նաեւ մեկ այլ տարբերակ: Դոլարի պահանջարկի բարձրացումն է հանգեցրել դրա առաջարկի նվազմանը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում ռուբլի-դոլար սրվող պայքարը բերել է նրան, որ Ռուսաստանից հսկա գումարներ են ուղարկվել Հայաստան՝ այստեղ դեռ որոշակիորեն կայուն փոխարժեքով փոխանակելու: Բայց այս տեղեկությանը պաշտոնական հաստատում չկա ու թերեւս չի էլ կարող լինել, քանի դեռ Կենտրոնական բանկը չի ամփոփել տարին ու չի ամբողջացրել Ռուսաստանից ուղարկվող գումարների՝ տրանսֆերտների ցուցանիշերը:
Երեկվանից շրջանառվող ամենաագնապալի լուրն այն էր, թե գլխավոր դրամատունը հայաստանյան առեւտրային բանկերին հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել դրամով վարկերի տրամադրումը: Այս տեղեկությունները տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեցին: Գնահատումներ եղան, թե Կենտրոնական բանկն այլեւս չի կարողանում ապահովել ֆինանսական շուկայի կայունությունը: Բայց Կենտրոնական բանկը երեկ նախ կարճ տեքստով հերքեց այդ տեղեկությունը, ապա երեկոյան հանդես եկավ հայտարարությամբ: «Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: Դրամատունը պատրաստ է կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ փոխարժեքի վերջին կտրուկ տատանումներն առաջին հերթին սպեկուլյատիվ խաղեր են, որոնց հիմքում Ռուսաստանի եւ համաշխարհային տնտեսության անկայուն վիճակն է: Ներքին սպեկուլյանտները դրանից օգտվում են: Մարդիկ փորձում են արագ եւ շատ դոլար գնել՝ հետո ավելի թանկ գնով վաճառելու ու եկամուտ ունենալու ակնկալիքով: Տնտեսագետը սրան «եկամուտներ փախցնել» անունն է տալիս՝ դա բնորոշելով որպես իռացիոլան վարքագիծ:
Որքանով են, սակայն, այդ ակնկալիքներն արդարացված: Կենտրոնական բանկը միանգամից կարող է, այսպես ասեմ, սառը ջուր լցնել այդպիսի ակնկալիքների վրա՝ մեկ միջամտությամբ նվազեցնելով դոլարի փոխարժեքը: Շեշտեմ, որ հենց Կենտրոնական բանկն էլ իր հայտարարությամբ մեջ կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից ու զգուշացնում՝ նման քայլերը շատ ռիսկային են և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների։




