
Լենա Բադեյան
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Քառօրյա աշխատանքների երրորդ օրը խորհրդարանն աշխատանքները սկսեց շարունակելով քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այսօր արդեն խորհրդարանը հիմնականում լսեց պատգամավորների 20- ից ավելի ելույթները։ Հաշվի առնելով, որ այսօր նաեւ կառավարության հետ հարցուպատասխանի ավանդական օրն է, հարցի քննարկումը կշարունակվի վաղը: ԵՏՄ-ի՝ ՀՀ անդամակցության հետ կապված զուգահեռ գործընթացներ այս օրերին ծավալվում են նաեւ ԵՏՄ անդամ այլ պետություններում: Պայմանագրերի վավերացման գործընթացների մասին՝ «Ռադիոլուրի» անդրադառձում.
Շենքից դուրս բողոքի ակցիա, նիստերի դահլիճում ելույթներ եւ բաժանվող թռուցիկներ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումները շարունակվում են նման մթնոլորտում։ ԱԺ- ում թռուցիկները բաժանում էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դրսում՝ ԱԻՄ- ականները Պարույր Հայիկյանի ղեկավարությամբ։ Թռուցիկում կոչ էր չվավերացնել պայմանագիրը։
Մեծ շուկա՞, թե՞ մեկուսացում. ԱԺ- ում կարծիքները տարբերվում են
ԵՏՄ անդամ բոլոր պետությունների ներուժը հաշվարկելիս ասում են, որ մտնում ենք 180 միլիոնանոց մի շուկա: Սակայն, օրինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ նոր միավորումը Հայաստանին տանելու է մեկուսացման՞ «Այս պայմանագրով փակվում են բոլոր հնարավորությունները էապես խորացնելու մեր հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը նշանակում է, որ մենք Իրանի հետ չենք կարողանալու ազատ առեւտրի պայմանագիր կնքել, որ մենք չենք կարողանալու իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ դառնալ: ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նոյեմբերի 17-ին Թեհրանում հայտարարեց, թե Ռուսաստանը Ադրբեջանով դեպի Իրան երկաթուղի է կառուցելու: Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի մեկուսացում: Եվ երրորդ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ Թուրքիայում հայտարարել է, թե Ռուսաստանը ներդրումներ է անելու Թուրքիայում նոր ատոմակայան կառուցելու համար: Իսկ 2008-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանն ասում էր, որ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսելու է նոր ատոմակայանի կառուցումը»,- հայտարարում էր Ճաշինյանը։
ԵՏՄ-ի կազմում Հայաստանի կարգավիճակին պատգամավորները տարբեր բնորոշումներ տվեցին: Ընդդիմախոսները կանխատեսեցին, որ շատ ծանր է լինելու, որ ակնհայտ սեւն այսօր ներկայացվում է սպիտակ, որ եվրասիական տարածքում լինելու ենք «խղճուկ տնվոր»: Անկախության, անվտանգության ամրապնդում եւ տնտեսական ու քաղաքական հզորացում. սա էլ կանխատեսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խորհուրդ տվեց զգացմունքների փոխարեն խոսել փաստերով, խոստովանեց, որ որոշումը կայացնելիս բոլոր կողմ ու դեմերը ծանր ու թեթեւ են արել: Մի քանի փաստ էլ նա ներկայացրեց. «Հայաստանը հնարավորություն է ունենում սպառել գազ սահմանին 189 ԱՄՆ դոլարով, այլընտրանքը կլիներ 400 կամ 500 ԱՄՆ դոլար: Եթե գազի տեղ գիտեք, նավթի տեղ գիտեք, ասեք՝ իմանանք: Նավթամթերքը ներկրում ենք Հայաստան 30 տոկոս ազատված մաքսատուրքով: Շուրջ 720 առաջին անհրաժեշտության ապրանքներ 5 տարի չեն թանկանալու: Սա վա՞տ է մեր ժողովրդի համար, թե՞ լավ»,- ասում էր Շարմազանովը։
Նա վերջապես խոսեց նաեւ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին: Իհարկե՝ չհիշեց, որ նույն պետությունը նաեւ Ադրբեջանին է զենք վաճառում, բայց հիշեցրեց. ոչ մի այլ պետություն Հայաստանին զենք չէր վաճառի գործարանային ներքին գներով։
Շարմազանով. Հայաստան է Վանը, գլոբալ առումով՝ Էրզրումը, Մուշը, բայց Արցախը իրավական առումով ՀՀ չէ
Պատգամավորները փորձում են հասկանալ, թե ինչ է անելու Հայաստանը, եթե, օրինակ՝ Ղազախստանը հարց բարձրացնի, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կառուցվի մաքսակետ: Պատմությունից համապատասխան հետեւություններ անելու կոչ արեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Մենք գիտենք, թե երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկել են Հայաստանի հետ ինչ է տեղի ունեցել: Այսօրվա սահմանը Թուրքիայի հետ այդ քեմալաբոլշեւիկյան գործարքի հետեւանքն է: Հիմա մենք գնում ենք ԵՏՄ եւ հայտարարում ենք, որ Արցախը Հայաստան չէ: Հիմա ի՞նչ ենք նվիրաբերելու Ռուսաստանի եւ Թուրքիայի համընկած շահերին»։
ԱԺ փոխնախագահը այս հարցին էլ գերադասեց պատասխանել. «Հայաստան է Վանը, գլոբալ առումով՝ Էրզրումը, Մուշը, բայց Արցախը իրավական առումով ՀՀ չէ: Մեր բոլորիս նպատակն է հասնել Արցախի իշխանության միջազգային ճանաչման»։




