ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եկեղեցու ներքնահարկից մինչև Հայաստան․ «Ռադիոլուր»-ի հարցազրույցը Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցի հոգաբարձուների հետ

Հրանտ Դինքի անվան միջնակարգ դպրոցը պաշտոնապես գրանցված չէ, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում դրա գործունեությունը։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն՝ ըստ Հայաստանի կրթական ծրագրի։ Դպրոցի վկայականով շրջանավարտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում։ Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցը միակն է Թուրքիայում, որտեղ ուսուցանվում է արևելահայերեն։ Անի Զէյթունցեանը զրուցել է դպրոցի հոգաբարձուներ Դալար և Հարություն Հորոզօղլուների հետ,

2003 թվականին Ստամբուլում ապրող մի խումբ հայ կանայք մանկավարժ Հերիքնազ Ավագյանին խնդրեցին իրենց երեխաների համար դասեր կազմակերպել։ Ստամբուլի Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվը եկեղեցու ներքևի հարկը տրամադրեց երեխաներին․ այսպես ստեղծվեց հայկական դպրոցներից մեկը՝ Հրանտ Դինքի անունով, «Ռադիոլուր»-ին պատմում է դպրոցի հոգաբարձու Դալար Հիսարլը Հորոզօղլուն․

«Այդպեսով, մեկ մանկավարժով սկսել է տիկին Հերիքնազը, երկու ուսուցչուհի գտանք հետո։ Առաջին տարվա մեջ առաջին դասարանը բացեցին, հետո՝ մինչև հինգերորդ տարին, դարձավ հինգ դասարան։ Ուսուցիչը պոլսահայ համայնքի հետ ծանոթություն չուներ և որևէ օգնություն չէր ստանում»։

Դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը

Դալար Հիսարլը Հորոզօղլուն և ամուսինը՝ Հարությունը, 2009-ին իմացան դպրոցի մասին։ Որոշեցին դառնալ դպրոցի գլխավոր հովանավորը։ Սկզբում դասարաններն ու աշակերտները քիչ էին, դպրոցում յոթ ուսուցիչ կար․

«Դպրոցը մինչև 5-րդ էր, 55 աշակերտ կար, յոթ ուսուցչուհի ունեին, բայց եկեղեցիին վարի սրահը մեծ սրահն էր, դասարաններ վարագույրներով իրարմե զատած էին, ասինքն՝ ձայները իրար կխառնվին, հանգիստ չեք, ինչպես դաս կընեք։ Ըսի՝ պետք է դպրոցի վերածենք, ամուսնուս հետ նորեն այցելեցինք, ըսինք՝ պատերով զատենք դասարանները։ Ուսուցիչներէն մեկին ամուսինը շինարարության գործ ուներ, և ըսավ, որ ես կընեմ․ դուք ըրեք, ինչ որ պետք է»։

Ամեն տարի դպրոցի դասարանների թիվն ավելացավ մեկով։ Այսօր արդեն այն ինը դասարան ունի և գործում է Հայաստանի միջնակարգ դպորցների ուսումնական ծրագրով․

«Բոլոր ուսուցիչները նախարարության ծրագրով են դասավանդում, բոլոր ուսուցիչները հայաստանցի են, բոլոր գրքերը Հայաստանից են գալիս, և այսինքն՝ մեր աշակերտը այսօր եթե Թուրքիայից Հայաստան վերադառնան,  նույն դասարանից կշարունակեն, այսինքն՝ երեկ Պոլսում, այսօր Հայաստանում ուսումը կարող են շարունակել»։

Դպրոցը յուրահատուկ կամուրջ է Հայաստանի և Թուրքիայի միջև՝ ասում է  Հարություն Հորոզօղլուն․

«Մեր առաջին իդեալը այն է, որ անոնց ետ ղրկենք և իրենց երկիրը զարգացնեն և լավ մարդ մեծանան, և պանդխտության այդ գեշ զգացումը իրենց վրայից նետեն»։ 

Դալար և Հարությունը Հորոզօղլուները

Դպրոցում դասավանդվում է ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն իսկ թրքերէնն էլ սովորում են արդեն առօրյայում ։ Դալար Հորոզօղլուն ասում է՝ աշակերտները սովորելուց հետո ոչ միայն գնացել են Հայաստան, այլև ուսումը շարունակել են միջազգային կրթական հաստատություններում․

«Այսօր աշակերտության թիվը 50 է, մենք ունեցել ենք մինչև 168 աշակերտ, բայց երբ որ Փաշինյանը Հայաստան առաջին անգամ շահեցավ և կառավարության վարչապետը եղավ, այն ատեն ընտանիքները, ասին, որ Հայաստան էրթանք, մենք էլ Հայաստան տեղափոխվենք այլևս, 20 ընտանիք վերադարձան։ Հետո փանտեմիան ադենը անգործ մնացին, ապրելու փող պետք էր, 20-25 ընտանիք վերադարձան»։

Հրանտ Դինքի անվան դպրոցը ոչ միայն պահպանում է հայկական մշակույթն ու կրթությունը Թուրքիայում, այլև նպաստում է հայ երիտասարդների՝ Հայաստան վերադառնալուն և կրթությունն այստեղ շարունակելուն։ Այն միակն է Թուրքիայում, որտեղ արևելահայերեն է դասավանդվում։ Դպրոցի ավարտական վկայականով աշակերտները կարող են ուսումը շարունակել Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button