Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշայինների պայքարում Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեի հետ և 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Թևանյանը մեկնարկում պայքարից դուրս էր թողել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևին (5։2) և Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովին (2։1), իսկ կիսաեզրափակչում ցավալի պարտություն էր կրել՝ 3։3 հաշվով զիջելով միջազգային դրոշի ներքո հանդես եկող Բաշիր Մագոմեդովին։

Ազատ ոճային ըմբիշ Մանվել Խնձրցյանը 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ և 18:6 հաշվով փայլուն հաղթանակ տարել: Մեկնարկում Խնձրցյանը 12։1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ, ապա 12:6 հաշվով հաղթել էր գերմանացի Հորստ Լեհրին (12։6)։ Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 0։5 հաշվով զիջել էր ռուս Մուսա Մեխտիխանովին:
Խնձրցյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալը:
ԵԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Վճռորոշ գոտեմարտում նա ուժերն է չափել Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Խաջիևի հետ, սակայն զիջել է մրցակցին։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալալակիր Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը դուրս էր եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Զավուր Ուգուևի հետ և ցավալի պարտություն կրել։




