
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Երիտասարդ գիտնականների պակաս Հայաստանում չկա, սակայն, արտահոսք կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կրթության ու գիտության նախարարության գիտեկան պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ այս տարի երկրորդ անգամ Հայաստանում հայտարարվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական ու գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ըդնգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթը, որին մոտ 300 հայտ է ներկայացվել: Գիտպետկոմի նախագահը նաև նշել է, որ «ԱՐԵԱԼ» արագացուցչի շահագործումից հետո մի շարք գիտական սարքավորումներ պատրաստելու պատվերներ է ստացել: Սամվել Հարությունյանը չի շրջանցել նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և գիտական ոլորտում համագործակցելու թեման:
Նոր համագործակցություն Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գիտության ոլորտում: 2015թ փոխվելու են մեր երկրի ոչ միայն տնտեսական, այլ նաև գիտական համագործակցության վեկտորը: ԿԳՆ Գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը անկեղծանում է՝ գիտական ներուժը մինչ այժմ համատեղ ծրագրեր ավելի շատ Եվրոպական երկրների գործընկերների հետ է իրականացրել:
«Ռուսների հետ մի քիչ տեսակարար կշիռը պակասել էր, բայց կան ոլորտներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն առաջին հերթին ՀՀ-ի համար և այդ ոլորտներում մեր համագործակցությունը ՌԴ-ի և ԵՏՄ անդամ երկրների հետ ավելի ինտենսիվ կլինի»:
Համագործակցությունն օրինակ կսերտանա ռազմական գիտության ոլորտում: Ուկրաինան այլևս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, սա Հայաստանի օգտին է, ՏՏ ոլորտում լուրջ դերակատարումը վերապահված է լինելու ՀՀ: Գուցե գիտության ոլորտում ընդհանուր բյուջե լինի ու ԵՏՄ անդամ երկրների գիտականները համատեղ ֆինանսավորում ու ծրագրեր իրականացնեն: Գիտական ոլորտի պատասխանատուն մտահոգ է՝ երիտասարդ գիտնականների արտահոսք կա երկրից, Հայաստանից հեռանում են հիմնականում 35-50 տարեկան գիտնականները:
«Դա այն տիրույթն է, որտեղ գիտնականն առավել պահանջարկված է, եթե բարձր աշխատավարձ են առաջարկում այլ երկրներում, մարդիկ թողնում- հեռանում են: Այս խնդրի վրա մենք պետք է սևեռվենք, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ գոնե գնան, հետ վերադառնան, կամ գնալուց հետո մեզ հետ համագործակցեն, աջակցեն մեզ»:
Նման համագործակցություն արդեն կա, գիտպետկոմը թույլ է տալիս, որ գիտական ծրագրերին մասնակցեն ազգությամբ հայ, սակայն արտերկրում բնակվող գիտնականները: Ստացված դրամաշնորհների մեծ մասն էլ ստացել են արտերկում աշխատող գիտնականների հետ համատեղ: Սա սակայն, բավարար չէ, պետք է այնպես անել, որ նրանց մի մասը հայրենիք վերադառնա:




