
Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր և կոչ արել բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին գործակցել ու նշանավորել օրը, որի հիմնական խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն է հասարակության մեջ: Բացի այդ, սա մի հնարավորություն է ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնք ծառացած են վերջիններիս առջև: Հիմնախնդիրները բազմաբնույթ են՝ շրջակա միջավայրի մատչելիության բացակայությունից, մինչև հասարակության անհանդուրժողականություն: Մայրաքաղաքում, չնայած որ արդեն նկատելի են դրական տեղաշարժեր՝ քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ուղղությամբ, սակայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ դեռևս շատ անելիքներ կան, դրանք բավարար չեն:




