
2022 -ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվեցին հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը երրորդ երկրների քաղաքացիների համար: Հայտարարությունը երեք տարի անց գործնական արդյունքներ դեռևս չկան, թեև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է՝ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը
Վերջին երկու տասնամյակներին տարբեր փորձեր են արվել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, հայ–թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ Նման նախաձեռնություններ եղել են թե՛ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և թե՛ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։
Այսպես, 2000-անների սկզբին ամերիկյան դիվանագիտության միջնորդությամբ մի հասարակական երկխոսություն սկսվեց, որը ստացավ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով» անվանումը։ Հայ և թուրք հասարակական գործիչների միջև սկսված և մի քանի տարի շարունակված քննարկումները առարկայական որևէ արդյունք չունենցան։
2008–ի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան՝ միասին դիտելու երկու երկրների հավաքականների ֆուտբոլային խաղը։ Սա Աբդուլահ Գյուլի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան։ Այդ խորհրդանշական առիթով սկսված գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։
Գյուլի երևանյան այցից մեկ տարի անց՝ 2009 թ․ հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Գործընթացը, այսպես ասենք, հովանավորում ու աջակցում էին ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան և ԵՄ–ն։
Դժվարությամբ ստորագրված արձանագրությունները քննարկումների փուլեր անցան, մտան երկու երկրների խորհրդարաններ վավերացման համար, սակայն հետ կանչվեցին, և գործընթացը կասեցվեց։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր փուլ մտավ 44-օրյա պատերազմից հետո։ Երկու երկրները հատուկ բանագնացներ նշանակեցին բանակցություններ վարելու համար։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան․
«Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելն է և մեր կողմից անելիքը՝ արվել է, նկատի ունեմ անցակետի վերականգնումը։ Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի վերջապես սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ և մենք սպասում ենք պայմանավորվածության կատարմանը և այդ առումով գնդակը մեր դաշտում չէ։ Այո խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով։ Մեր կողմից որևէ խնդիր չկա, և ոչ էլ նախապայման կա։ Կա պայմանավորվածություն և պետք է իրագործվի»։
Երկու օր առաջ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆի տնտեսական ֆորումի շրջանակում Թուրքիայում հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, որը միակ թուրք նախագահն է, որը ժամանել է Հայաստան։ Նշվում է, որ նրանք մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրության հարցերի շուրջ․ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Արդեն չորս տարի Երևանի և Անկարայի միջև քննարկումներ են ընթանում, հայտարարություններ են հնչում սահմանի բացման վերաբերյալ: Ավելին՝ 2022 թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն երրորդ երկրների քաղաքացիների համար: Գործնական արդյունքներ թեև չկան, բայց հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը դրական տեղաշարժ տեսնում է․
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արդեն արվել են։ Կհիշեք երևի, որ Երևան-Ստամբուլ թռիչքները, որ դադաեցված էին մի քանի տարի՝ վերականգնվել են։ Կհիշեք նաև, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին և փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է»։
Ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր, ըստ Ռուբինյանի, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ։




