ԿարևորՀասարակություն

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, Շվեդիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հետ համատեղ Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից։

Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։ Հնչել է հայկական երաժշտություն և ցուցադրվել «Փրկության քարտեզը» վավերագրական ֆիլմը։

Ելույթներով հանդես են եկել դեսպան Աննա Աղաջանյանը, Ռիկսդագի պատգամավորներ Բյորն Սյոդերը և Արին Կարապետը՝ անդրադառնալով ապագա ոճրագործությունների կանխարգելման մեր համատեղ պատասխանատվությանը։

Դեսպան Աղաջանյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հանձնառությունը ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման միջազգային օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։

Միջոցառման շրջանակում հարգանքի տուրք է մատուցվել նաև Շվեդիայից և Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներից Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերած միսիոներների հիշատակին՝ ընդգծելով, որ նրանց մարդասիրական գործունեության ժառանգությունը մինչ օրս շարունակում է ներշնչել մեզ։

Կարդացեք նաև

Back to top button