
Հեղափոխությունից 8 տարի անց Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանավեճը շարունակվեց հեռակա ձևաչափով։ Հայաստանի երրորդ նախագահը հանրությանը դիմել էր ուղերձով՝ անդրադառնալով 8 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացրել իր դիրքորոշումները։
ՀՀԿ առաջնորդը նաև հիմնավորել է խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր կուսակցության որոշումը։ Սերժ Սարգսյանի ուղերձում եղած ակնարկներին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Հեղափոխությունից և իր հրաժարականից 8 տարի անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնել է իր հայտնի ձևակերպումը՝ փոքր ինչ վերանայված։ Իր ուղերձում այժմ նա ասում է․ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»:
Հեղափոխական իրադարձություններից 8 տարի հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունը մի քանի հիմնական շեշտադրում ունի։ Նախ՝ նա պարզաբանում է, որ 8 տարի առաջ իր թեկնածության առաջադրումը թե՛ ճիշտ որոշում էր երկրի անվտանգության տեսանկյունից, և թե՛ մեծագույն սխալ, քանի որ չի կարողացել դրա անհրաժեշտությունը բացատրել ժողովրդին: Մեջբերում Սերժ Սարգսյանի հայտարարությունից․
«Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։
Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հերթական բանավեճը արդեն հեռակա է։ Վարչապետը արձագանքել է երրորդ նախագահի հայտարարություններին։ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, որ տեղյակ չի, թե ինչ է ակնարկում Սարգսյանը՝ խոսելով 2018-ի հայտնի հայտարարության տեքստը այլոց կողմից փոփոխության ենթարկելու մասին։
Հայտարարության մյուս հատվածներին նա այսպես է արձագանքում․ «Գիտեք ինչ, Ղարաբաղի հարցի հետ կապված ամեն ինչ ասված է։ Մենք, ի վերջո, պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա։ Այն, որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չի հետաձգել, ինքը` Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլի, չեմ էլ հիշում 17-ին, թե քանիսին Ազգային Ժողովի ամբիոնից»։
Հայաստանի վարչապետն ընդունում է, որ 8 տարի երկիրը ղեկավարելու հանգամանքը փոխել է իրեն, բայց մյուս կողմից, ասում է, կան նաև չփոփոխված սկզբունքներ։ Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ նա գերադասում է խոսել ոչ թե գործած սխալների, այլ ձեռքբերումների մասին։
«Այո, ես հեղափոխական եմ, և կաբինետը իմ ընկալումները չի փոխել։ Ես կարծում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում, այո՛, Հայաստանի Հանրապետությունը հեղափոխական փոփոխություններ է ապրել և, ի հեճուկս բոլոր գնահատականների, փոփոխությունները եղել են ռազմավարական առումով դրական։ Ես չեմ սասանվի, չեմ երկմտի պաշտպանել այն փոփոխությունները և հեղափոխությունները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է իշխանությանը և ինչ վերաբերում է ժամանակին․ եթե մարդը ժամանակի ընթացքում չի փոխվում, նշանակում է մարդը մնացել է նույն կետի վրա։ Մարդը չի կարող միշտ լինել 4-րդ դասարանում»։
Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ինչ-որ մի պահից ինքն էլ է զգացել և ընդունել հանրության կշտամբանքն ու դժգոհությունը, որ կառավարող ուժի խոսույթում «նախկիններ-ներկաներ» թեման արդեն չարաշահում են։ Հեղափոխությունից 8 տարի անց Հայաստանի վարչապետը մերժման նոր ծրագիր է առաջարկում․
«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս է, որ այդ քրեա-օլիգարխա-նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Այդ շանսը ես տեսնում եմ մարդկանց հետ շփումներից»։
Մերժելու տրամադրվածությամբ է ընտրարշավին և հետագա իրադարձություններին պատրաստվում ընդդիմության մի հատվածը։ ԿԸՀ-ում գրանցվելու ժամկետի վերջին օրը փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնի համար առաջադրող «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացահայտեց, թե քաղաքական դաշտում ում հետ են պատրաստ համագործակցելու։
«Բոլոր այն ընդդիմադիրների, ովքեր որ մերժում են այս իշխանություններին, իրենց վարած քաղաքականությունը և ուզում են Հայաստանում բերել այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն մեր երկրի արժանապատվության վերականգնում, մեր անվտանգության բարձրացում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն և այլն։ Ես չեմ ուզում անդրադառնալ հիմա մեր ընդդիմադիր գործընկերների արտահայտած, առանձին դեպքերում անհաջող ձևակերպումներին։ Ես կարծում եմ` մենք պետք է կենտրոնանանք այս իշխանություններին հեռացնելու օրակարգի շուրջ»։

Ներկաներից ու նախկիններից բացի, կան նաև ուժեր, որոնք առաջիկա ընտրություններին մասնակցելու են առաջին անգամ և դեռ չեն բացահայտում, թե անհրաժեշտ քվե հավաքելու և խորհրդարան անցնելու դեպքում ինչ վարքագիծ են որդեգրելու առաջին փուլում՝ այս կամ այն ուժին միանալու և վարչապետ ընտրելու հարցում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, օրինակ, ասում է, որ կառավարող ուժի հետ անգամ «մատաղ ուտելու» չեն գնա, չնայած, որ անցած 8 տարիների մի հատվածը այդ ուժի ղեկավար Էդմոն Մարուքյանը մաս է կազմել քաղաքական մեծամասնության կառավարությանը՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։ Դավիթ Խաժակյանը, սակայն, չի շտապում կանխատեսումներ անել։
«Կարծում եմ, որ շանսեր գնահատողը լինելու է մեր քաղաքացին` ելնելով այն աշխատանքից, որ տարվել է մինչև այս օրը։ Իսկ մինչև այս օրը, ի տարբերություն մասնակից շատ ուժերի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային, քաղաքական կյանքում, և ամենակարևորը՝ մեզ մոտ «հովհարային անջատումներ» 5 տարվա ընթացքում չեն գրանցվել»։
Համապետական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։ Իր անվանմանը հակառակ չի, բացառում անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը։ Սակայն, դրա համար կա նախապայման, ասում է կուսակցության անդամ Արամ Քոչարյանը։
«Մենք ունենալու ենք մեր վարչապետի թեկնածուն ու ունենալու ենք հստակ օրակարգ` 100 օրով իշխանություն վերցնելու։ Մենք պետք է 100 օրով իշխանությունը վերցնենք, հանենք կայուն մեծամասնությունը, ընտրական շեմը իջեցնենք ու ավելացնենք «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ։ Մեր վարչապետի թեկնածուն ու միայն մեր վարչապետի թեկնածուն պետք ա իրագործի այս փոփոխությունները, հրաժարական տա, 10 տարով հեռանա քաղաքականությունից։ Սա է «Բոլորին դեմ եմ»-ի օրակարգը։ Հիմա ցանկացած ուժ, ով ուզում է լինի՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որտեղից ուզում է լինի՝ այդ ուժը, եթե աջակցելու է մեզ, մենք չենք ասելու` մի աջակցեք։ Բայց մեր օրակարգը սա է»։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում օգտահաշիվ է բացել 24 քաղաքական ուժ։ Սա գրանցվելու առաջին քայլերից մեկն է՝ ասում է ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
«Բայց դա չի ենթադրում, որ մենք ունենալու ենք 24 առաջադրում, որովհետև իրենք ազատ են դիմելու օգտահաշիվ ստանալու համար, բայց դա պարտադիր չէ, որ իրենք առաջադրվեն։ Դա արդեն իրենք են որոշում»։
ԿԸՀ-ից առայժմ գոհունակությամբ են վերադարձել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները։ Նրանք համոզված են, որ հանձնաժողով ներկայացրած իրենց փաստաթղթերի հետ որևէ խնդիր չի առաջանա և ԿԸՀ-ն կգրանցի իրենց քաղաքական ուժը։




