
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են կեղծ տեղեկատվության աճող հոսքերի և հիբրիդային սպառնալիքների մասին։ Միևնույն ժամանակ կան նաև համակարգային խնդիրներ։ Դաշտը կարգավորող մարմինները հաճախ ստիպված են գործելու սահմանափակ ռեսուրսներով ու լիազորություններով։ Այդ պատճառով համացանցում տարածվող բովանդակությունը գործնականում դուրս է մնում վերահսկողությունից՝ խորացնելով անհավասար մրցակցային դաշտը և կասկածի տակ դնելով տեղեկատվական անվտանգության արդյունավետ կառավարումը հատկապես նախընտրական ժամանակաշրջանում։ Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այսօր կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ ներկայացվել են ապատեղեկատվական արշավների վերաբերյալ կառավարության ուսումնասիրությունները, նշվել են դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիները։
Հիբրիդային պատերազմների դեմ պայքարում պետությունը միայնակ չի կարող գործել՝ ասում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնած կլոր սեղան-քննարկման ժամանակ վարչապետի մամուլի քարտուղարը ներկայացրեց կառավարության ուսումնասիրություններն ապատեղեկատվական արշավների վերաբերյալ՝ շեշտելով դրանց ինտենսիվության աճն ու հանրային վստահության վրա ունեցած ազդեցությունը։
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ հիբրիդային սպառնալիքներն ու արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները կառավարության համար բացահայտում չեն․ գործադիրում դրան ծանոթ են դեռ 2021 թվականից։
Այս համատեքստում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը մեդիադաշտում դիտարկումներ է կատարել․
«Ֆիքսել ենք 72 դեպք, մարտի 15-ից ապրիլի 15 ընկած ժամանակահատվածում։ Այդ դեպքերը ավելացել են 42-ով։ Այսինքն՝ եթե 11 ամսվա ընթացքում 72 էր, իսկ 1 ամսվա ընթացքում՝ 42, սա ցույց է տալիս, որ 1 օրվա կտրվածքով մենք ունենում ենք 2-3 կամ ավել թվով ապատեղեկատվական արշավներ, ինչը նաև փաստում է, որ արդեն նախընտրական բուն փուլում այս ինտենսիվությունը շարունակվելու է»։
Նազելի Բաղդասարյանը նկատում է՝ եթե նախկինում ապատեղեկատվությունը կառուցված էր կեղծ լուրի կամ թեզի վրա, ապա հիմա նկատվում է մեթոդաբանության փոփոխություն։ Ըստ նրա՝ հաճախ հանդիպող մանիպուլյատիվ լուրերը իրենց հիմքում իրականության հետ որոշակի աղերս ունեցող փաստեր ունեն․
«Այսինքն՝ վերցնում են փաստ կամ իրողություն, դրա հետ կապում են կեղծ տեղեկատվություն, ստեղծում են պատումներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ, այո, 1-2 փաստ կարող է իրականության հետ խաչվել և մնացած պատումը, որը ներկայացվում է տարբեր լրատվամիջոցների կողմից, այս դեպքում՝ օտարալեզու, օտարածին լրատվամիջոցների կողմից չի կարող օբյեկտիվ պատկեր ստեղծել»։
Վարչապետի մամուլի խոսնակը կարծում է, որապատեղեկատվական արշավների թիրախում ոչ թե այս կամ այն պաշտոնյան, հանրային գործիչը կամ կուսակցությունը և առավել ևս իշխանություններն են, այլ պետությունն ու հանրային վստահությունը․
«Այսինքն՝ այս աղմուկի դեպքում շատ դժվար է արձանագրել, թե որն է ճիշտը, կամ որը՝ սխալը, և սա հանրային վստահությունը խաթարելու լավագույն գործիքը և միջոցն է, որտեղ առավելապես հանրությունը շատ դեպքերում ապակողմնորոշվում է։ Խնդիրը մեր ժողովրդավարական արժեքների թիրախավորումը, խնդիրը՝ հանրային վստահությունը, խնդիրը, օրինակ, գալիք ընտրությունների հանդեպ վստահության նվազումն է, որ մարդկանց մոտ ստեղծվի իրավիճակ, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, և բնավ այն ժողովրդավարական ուղին, որը ընտրել է կառավարությունը, այդքան էլ նշանակություն չունի, և հանրային աղմուկը, երբ որ մարդը ամեն օր առերեսվում է ինչ-որ կեղծ լուրի, կեղծ տեղեկատվության, կեղծ փաստերի, իրենց շեղում է իրականությունից»։
Ի վերջո, հանրային աղմուկի պայմաններում ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվությունը աստիճանաբար նահանջում է՝ ասում է Բաղդասարյանը։
Այս գործում իր դերն ունի նաև ՀՌՀ-ն։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում վերջին փոփոխություններով՝ հանձնաժողովին են վերապահվել մի շարք գործառույթներ, որոնք հավելյալ լծակ են՝ լիցենզավորված հեռարձակողների նկատմամբ։ Հեղինակազորված լրատվամիջոցների հեռարձակումներին հետևելուն զուգահեռ՝ բաց է մնում համացանցում գեներացվող բովանդակության վերահսկումը, որի մասին՝ ելույթներում հաճախ է անդրադառնում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարգավորող մարմնի ղեկավարը ընդգծում է հատկապես ռեսուրսների սղությունը․
«Համացանցը դեռ ազատ է, եթե նույնիսկ համացանցը փորձենք կարգավորել, ապա շատ փոքր հատված, որովհեև մենք չենք կարող, և ընդհանրապես, որևէ պետություն չի կարող, գրեթե չի կարող կամ ինքը կարգավորել սոցիալական ցանցերը, այլ բան է, որ Հայաստանը պետք է աշխատի խոշոր պլատֆորմների հետ, օրինակ՝ նույն ֆեյսբուքի, նույն թվիթերի, տելեգրամի հետ, որը բավականին բարդ է, բավականին մեծ ռեսուրս է պահանջում, և դա առջևում է։ Եվ մի բավականին մեծ վտանգի մասին էլ ասեմ, դա արհեստական բանականության գեներացրած բովանդակությունն է, որը շատ որակով է արվում, մենք սկսել ենք արդեն չտարբերել իրական բովանդակությունից։ Նաև փորձում ենք գտնել այդ խնդրի կարգավորման գործիքները, ինչն էլի շատ դժվարությամբ է գնում»։
ՀՌՀ ռեսուրսների ավելացման հարցը «Ռադիոլուր»–ը հնչեցրեց վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնած կլոր սեղան-քննարկման ժամանակ։ Ի՞նչ հնարավորություններ է տեսնում կենտրոնն այս հարցը կարգավորելու համար։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան․
«Եթե մենք դիտարկում ենք իրավասությունների շրջանակը և, մասնավորապես, ՀՌՀ-ի, ինքը սահմանադրական մարմին է, և լիազորությունները նկարագրված են Սահմանադրության համապատասխան գլխում։ Երբ որ Սահմանադրությունը կլինի նոր, մենք անպայման ձեր դիտարկումը հաշվի կառնենք, այսինքն՝ մանդատի շրջանակն ընդլայնել, որպեսզի այլ լիազորություններ նաև այլ տիրույթներ դիտարկի, դիցուք համացանց և այլն։ Այստեղ խնդիր կա, և Սահմանադրության հետ կառնչվենք։ Դա է պատճառը, որ այդ մարմնի, մանդատի անգամ ցանկության դեպքում, ես թեորետիկ եմ ասում սա, չեն կարող որոշակի փոփոխություններ անենք»։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն օրերս հայտարարեց, որ որոշում է ընդունել քաղաքացիական նոր առաքելություն տեղակայելու Հայաստանում։ Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: ՀՀ–ն ողջունել է ԵՄ այս նախաձեռնությունը։
Կլոր սեղան–քննարկման ընթացքում «Ռադիոլուր»-ը հարցրեց վարչապետի մամուլի խոսնակին, թե ինչ գործիքակազմ է օգտագործելու առաքելությունը իր նպատակներն իրագործելու համար․
«Խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, և դա նախընտրական շրջանի հետ կապ չունի, քանի որ 2 տարի ժամկետով են տեղակայվելու։ Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել։ Ուզում եմ ասել, որ 2 առանձին գործառույթներ են, և այս դեպքում ժամկետը 2 տարով է»։
Ներկայացնելով ապատեղեկատվական արշավների դեմ կառավարության ուսումնասիրությունները՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրեց իրենց ստեղծած Stugel.am ստուգման նոր հարթակը։ Այն հնարավորություն է տալիս ստուգելու համացանցում գեներացվող բովանդակության հավաստիությունը և թույլ է տալիս խուսափել կեղծ լուրերի զոհը դառնալուց։




