
Հրապարակվել է ինտերնետ ազատության համաշխարհային քարտեզը։ Աշխարհում ինտերնետ ազատության մակարդակը շարունակում է մնալ խիստ անհավասար։ Ինտերնետի ազատ հասանելիության մասին Cloudwards.net-ի նոր միջազգային զեկույցը 2026-ի առաջին ամիսների պատկերով ցույց է տալիս, որ մի շարք երկրներում քաղաքացիները կարող են ազատորեն արտահայտվել և օգտվել համացանցից, մինչդեռ մյուսներում նույնիսկ կարծիք հայտնելը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը միջին մակարդակի ազատությամբ երկրներից է, ինչը նշանակում է, որ ինտերնետը հիմնականում ազատ է և հասանելի։
Cloudwards.net-ը, որը տեխնոլոգիական ու կիբերանվտանգության ուղղվածությամբ կառույց է և հիմնականում զբաղվում է ինտերնետ հաղորդակցության գնահատմամբ, ամփոփել է իր դիտարկումները, թե այս տարվա առաջին ամիսներին որքանով է տարբեր հանգամանքների բերումով սահմանափակվել ինտերնետ հասանելիությունը տարբեր երկրներում։
Զեկույցի համաձայն՝ ինտերնետի ամենամեծ ազատությունը 92 միավորով դիտարկվել է մի շարք երկրներում, ինչպիսիք են Բելգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Կոստա Ռիկան։ Այս երկրներում գրեթե բացակայում են սոցիալական ցանցերի, քաղաքական արտահայտման կամ VPN ծառայությունների սահմանափակումները։
VPN-ը վիրտուալ մասնավոր ցանց է, որն ապահովում է օգտատիրոջ ինտերնետ կապի կոդավորում, թաքցնում է գտնվելու վայրը և հնարավորություն է տալիս միանալու համացանցին այլ երկրների սերվերների միջոցով՝ շրջանցելով սահմանափակումները։ Փորձագետները նշում են, որ VPN ծառայություններով շրջանցվում են արգելափակումները, և ապահովում է օգտատիրոջ գաղտնիությունը և անվտանգությունը առցանց միջավայրում։ Զեկույցի համահեղինակ փորձագետ Քիթ Քոփսոն․
«Այն երկրներում, որտեղ ինտերնետը բաց է, իսկ վերահսկողությունը՝ նվազագույն, քաղաքացիները կարողանում են ազատորեն օգտվել թվային հարթակներից առանց վախի կամ ճնշման, նաև VPN ծառայություններից»։
Զեկույցի փորձագետներն ընդգծում են, որ նույնիսկ ամենաազատ երկրներում որոշ սահմանափակումներ կան․ դրանք հիմնականում հեղինակային իրավունքի խախտումների դեմ պայքարին են միտված։ Օրինակ՝ Գերմանիայում և Ֆրանսիայում որոշակի կայքեր կամ բովանդակություն կարող են սահմանափակվել՝ պայմանավորված հեղինակային իրավունքների խիստ պաշտպանությամբ։
Հակառակ բևեռում իրավիճակը, կարելի է ասել, ծանր է։ Զեկույցում ամենացածր՝ 0 միավորը ստացել է Հյուսիսային Կորեան, որտեղ համացանցը խիստ սահմանափակ է և հասանելի միայն իշխանությանը մոտ կանգնած անձանց։ Հաջորդում են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Պակիստանը, որոնք գնահատվել են ընդամենը 4 միավորով։ Զեկույցում այս առումով արձանագրված է. մեջբերում
«Շատ երկրներում համացանցի վերահսկողությունը դարձել է ոչ թե անվտանգության, այլ քաղաքական վերահսկման գործիք՝ ուղղված այլակարծության ճնշմանը։ Օրինակ՝ Իրանում և Ռուսաստանում հաճախ արգելափակվում են սոցիալական ցանցերը և միջազգային հարթակները, իսկ իշխանությունների համար անցանկալի բովանդակությունը կամ կարծիքները ենթարկվում են խիստ սահմանափակումների»։
Այս երկրներում հաճախ արգելափակվում են համաշխարհային հարթակները, VPN ծառայությունները՝ սահմանափակվում, իսկ իշխանությունների համար անցանկալի կարծիք արտահայտելը կարող է հանգեցնել տուգանքների, ձերբակալության կամ ազատազրկման։ Զեկույցը բացատրում է նաև․
«Ինտերնետ գրաքննությունը կարող է կիրառվել թե՛ ատելության խոսքը սահմանափակելու, թե՛ քաղաքական ընդդիմախոսությունը լռեցնելու նպատակով»։
Հայաստանի դեպքում պատկերը միջին է։ Ստացել է 56 միավոր՝ դասվելով ինտերնետի միջին ազատությամբ երկրների շարքին։ Սա նշանակում է, որ համացանցը հիմնականում հասանելի է, սակայն առկա են որոշ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք սահմանված են օրենսդրորեն։
Տարածաշրջանում պատկերը բազմազան է։ Վրաստանը 64 միավորով բնորոշվել է որպես ավելի ազատ միջավայր ունեցող, մինչդեռ Ադրբեջանը՝ 36 միավորով, զգալիորեն ավելի սահմանափակ է պահում ինտերնետը՝ զիջելով Հայաստանին։ Ըստ Cloudwards.net-ի՝ այս տարբերությունը հիմնականում կապված է քաղաքական և քաղաքացիական բովանդակության վերահսկման, ինչպես նաև առանձին հարթակների և արտահայտման ազատության սահմանափակումների հետ։
Իրանում և Ռուսաստանում ինտերնետ ազատությունը, ըստ հետազոտության, շատ ցածր մակարդակում է։ Թուրքիան ևս սահմանափակումների բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում է՝ ընդամենը 12 միավորով։ Զեկույցի համահեղինակ փորձագետ Սանդրա Փեթիսոնը նկատել է.
«Խիստ սահմանափակումներ ունեցող երկրներում նույնիսկ առցանց կարծիք արտահայտելը կարող է դիտվել որպես իրավախախտում և պատժվել մինչև անգամ ազատազրկմամբ»։
Զեկույցի համահեղինակներն ընդգծում են, որ համացանցի ազատությունն անմիջականորեն ազդում է ոչ միայն խոսքի ազատության, այլև կրթության, նորարարության և հասարակության զարգացման վրա։ Փորձագետները եզրակացրել են՝ թեև որոշ երկրներում ինտերնետը ազատ և բաց հարթակ է, սակայն բազմաթիվ տարածաշրջաններում այն շարունակում է մնալ քաղաքական վերահսկողության և սահմանափակումների ուժեղ գործիք։




