
ԵՄ-ն ավարտել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու ընթացակարգը։ Սրան զուգահեռ՝ վերջին մեկ օրում սպառնալիքներ են հնչում ու միջադեպեր են գրանցվում ռուսական կողմից։
ՄԱԿ-ը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունները սրվում են։ Հատուկ շեշտվում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների ավելացման մասին։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոհամեդ Խալեդ Խիարին հայտարարում է, որ մարտ ամսվա ընթացքում Ուկրաինայում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է․
«Ամենամեծ մտահոգությունը քաղաքացիական բնակչության շրջանում շարունակական հարձակումների պատճառով զոհերի թվի անընդհատ աճն է: Միայն անցյալ ամիս, ըստ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ուկրաինայում զոհվել է առնվազն 211 քաղաքացիական անձ, և վիրավորվել՝ 1․206-ը: ՌԴ տեղական իշխանությունները, այդ թվում՝ Ուկրաինային սահմանակից Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում, հայտնել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի մասին»:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է նաև, որ անօդաչու սարքեր են նկատվել ԵՄ երկրների տարածքում․ «Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա հինգ տարի անց էլ փորձության է ենթարկում միջազգային իրավունքը, խորացնում պառակտումները։
Այս ամիս, ըստ հաղորդումների, անօդաչու սարքեր են նկատվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Ֆինլանդիայում։ Մենք պետք է անսասան մնանք այս պատերազմը դադարեցնելու մեր հանձնառության մեջ՝ առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներով և պարտավորություններով»։
Հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի սրվող լարվածությունը՝ ԵՄ-ն ակտիվացնում է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու ընթացակարգը։ Դրա համար անհրաժեշտ իրավական քայլերը ներկայացվել են հաստատման, ինչը Կիևին մոտեցնում է վարկը ստանալու փուլին։ Այս գործընթացը մի քանի ամիս դադարեցված էր, քանի որ Հունգարիան կասեցնում էր այն։
Միջազգային մամուլը տեղեկացնում է, որ Ուկրաինային 90 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը ներառված է ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի ապրիլի 22-ի նիստի օրակարգ։ ԵՄ բազմամյա բյուջեում պետք է փոփոխություններ հաստատվեն։ Դա Կիևի համար վարկը ակտիվացնելու վերջին տեխնիկական տարրն է՝ գրում է DW-ն:
Մշտական ներկայացուցիչների նիստի օրակարգ այս կետը ներառվել է առանց քննարկման, ինչը հավանաբար նշանակում է, որ ԵՄ անդամ երկրների միջև նախնական համաձայնություն կա։ Հաստատվելու դեպքում փաստաթուղթը կընդունվի գրավոր ընթացակարգով՝ վերջնական հաստատման համար։
Այս իրադարձությանը զուգահեռ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնում է, որ ապրիլի 20-ի գիշերը ռուսական անօդաչու սարքերը թիրախավորել են իր տունը: Շենքը ավերվել է, իսկ Բեսկրեստնովը վիրավորվել է: Նա սոցցանցերում հիվանդանոցից նկար է հրապարակել՝ կից գրելով․
«Այլևս տուն չունեմ: Ինձ հարվածել են, բայց գլխավորն այն է, որ ես հրաշքով ողջ եմ մնացել»։
Սերգեյ Բեսկրեստնովը կապի և անօդաչու համակարգերի մասնագետ է և տելեգրամյան հայտնի ալիքի հեղինակ:
ԵՄ երկրներում անօդաչու սարքեր հայտնվելուց հետո Գերմանիայի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը։ Բանն այն է, որ Ռուսաստանի ՊՆ-ն մի քանի օր առաջ հրապարակել էր Ուկրաինայի համար անօդաչու սարքեր արտադրող եվրոպական գործարանների հասցեներ։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը այդ ընկերությունները դասել է հավանական թիրախների շարքին: Ցուցակում երեք գերմանական ընկերություն կա։
Ի պատասխան՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Մենք թույլ չենք տա, որ մեզ վախեցնեն։ Այս սպառնալիքները փորձ են Ուկրաինային մեր աջակցությունը թուլացնելու և մեր միասնությունը փորձության ենթարկելու»։
Եվրոպական հավանական թիրախների ցանկի հրապարակումը միջազգային մամուլը համարում է ռուսական հոգեբանական պատերազմի մաս, որն ուղղված է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը նվազեցնելուն:




