
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեությանն ուղղված նոր ծրագրի մեկնարկն է ազդարարվել: Հնգամյա ծրագիրը ֆինասնավորում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը:
Նոր ծրագրի շնորհանդես՝ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ առանց համապատասխան գերատեսչության՝ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների: Երևանում այսօր մեկնարկած հնգամյա ծրագրի շնորհանդեսին հրավիրված էր նաև տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը:
Թերևս, երբ նախատեսվում էր միջոցառումը, Վաչե Տերտերյանը դեռ նախարարի պաշտոնակատար էր, նախարարությունն էլ նախկին անվանումն ուներ: Երեկ ուշ երեկոյան, սակայն, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց ու Արմեն Երիցյանը նշանակվեց տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար: Հնգամյա ծրագիրը քաղաքացիներին տրամադրելու է վստահելի տեղեկատվություն՝ փորձելով հզորացնել քաղաքացիական հասարակությանը:
Սա վեց կազմակերպության՝ Հայաստանի ֆինանսիստների միավորում, Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, ԵՄԱ,-ի, Ժուռնալիստների ասպարեզ ակումբի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի համատեղ ծրագիր է, այն այդպես էլ կոչվում ՝ Հանրային մասնակցության տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիր:
Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ը: Ծրագիրը կարևորեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով կարևորեց եռակողմ՝ պետություն-ՏԻՄ- մասնավոր հատված համագործակցությունը.«Այս ծրագիրը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդումն է, ծրագիրը նպատակ ունի եռանկյուն ձևավորել՝ մի կողմում քաղաքացիական հասարակությունն աշխատում է ՏԻՄ-ի, մյուս կողմում էլ՝ կենտրոնական կառավարման մարմինների հետ»:
Եվ վերջում, այսօր մեկնարկած ծրագրի արդյունավետ գործունեության գնահատականները թերևս, ավելի ուշ կտրվեն:




