Հասարակություն

«Ոչ մի կնոջ իրավունք չի խախտվում»,- համոզված է ԱԺ հանրապետական պատգամավորը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի վերամշակված նախագծին են այսօր անդրադարձել եւ օրենքի վիճահարույց դրույթների շուրջ բանավիճել Աժ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը և  «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց  իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանը:

 

 

Այն ձեւով, որ 2-րդ ընթերցմամբ ընդունվել է օրենքը շատ բարենպաստ է՝ համոզված է ԱԺ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Ոչ մի կնոջ իրավունք չի խախտվում: Ես ինքս համոզված եմ, որ այս օրենքը գործելու է նորմալ»:

Հիմնականում բողոքում էին էին այն կանայք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում՝ ավելացրեց պատգամավորը: Հանրապետական պատգամավորի կարծիքը չկիսեց «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց  իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանը: Նա շեշտեց, որ ինքը եւ նախաձեռնության շատ անդամներ բարձր աշխատավարձ չեն ստանում, գործատու էլ չեն, սակայն դեմ են տվյալ օրենքին:

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով՝ պետք էր մտածել նաեւ այն չարաշահումների մասին, որոնք արձանագրվել են եւ որոնց մասնակցել են ոչ կուսակցականները, ոչ բոլորն են պաշտոնյաներ եղել, հետեւաբար.

«Որեւէ սահմանափակում պետք է դրվեր, որպեսզի մենք կանխեինք այդ չարաշահումները: Մարդը կարող էր, այո, երկու ամիս առաջ ընդունել աշխատանքի որեւէ կնոջ՝ շատ բարձր աշխատավարձով, որը ինքը չի ունեցել կամ պարգեւավճարներով, որը, փաստորեն, պետության հաշվին է տրվել եւ բոլորիս համար պարզ է չէ, որ միայն հղի կինը չի օգտվել: Եթե մենք իմանայինք, որ գոնե հղի կանայք են օգտվել այս գումարներից, երեւի թե այս խնդիրը չէր էլ առաջանա»:

Չարաշահումներ թույլ տվողներին էլ պատժելու մեխանիզմներ օրենքում ամրագրված չեն եղել՝ հավելեց Կարինե Աճեմյանը: Նրա համոզմամբ՝ բոլոր կողմերից օրենքի նոր նախագիծը նայվել ու վերամշակվել է, հետեւաբար՝ խնդիր չի առաջանա: Նա վստահ է, որ խնդիր չի առաջանա նաեւ այն գործատուների համար, ովքեր գնահատում են իրենց կին աշխատողներին եւ բարձր աշխատավարձ են տալիս:

Շողեր Բաբայանը չկիսեց նաեւ այդ մասով հնչած տեսակետը: Ասաց՝ կատարվել են անգամ պարզ հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ գործատուներին ամենեւին էլ ձեռնտու չէ աշխատող հղի կանանց հետ պայմանավորվելը:

Կարինե Աճեմյանի գնահատմամբ, սակայն, բերված հաշվարկները կապ չունեն իրականության հետ, իսկ պետության խնդիրն է նաեւ պայքարել այն չարաշահումների ու մարդկանց դեմ, ովքեր փորձում են հղի կնոջ հաշվին լցնել սեփական գրպանները:

 

Back to top button