ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Պատերազմական» տարաձայնություններ նախընտրական փուլում․ 44-օրյա պատերազմի թեման կրկին թեժանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հանրությանը ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Մոտ մեկուկես ժամում նա հասցրել է խոսել ծրագրի ընդամենը մի հատվածի՝ արտաքին քաղաքականության՝ ԵՄ, ՌԴ և բազմաթիվ այլ երկրների հետ հարաբերությունների մասին, ներկայացրել է անվտանգության քաղաքականությանն ու կրթությանն առնչվող կետերը։

Այս շրջանում տարբեր կուսակցություններ նույնպես հրապարակում են իրենց նախընտրական ցուցակները, ծրագրերը, համագումարներ են հրավիրում։ Այս ընթացքում է, որ տարբեր ուժեր փորձում են նոր, հանրությանը անակնկալի բերող տեղեկություններ հրապարակել՝ մրցակիցների, այսպես ասենք, դիմակը պատռելու համար։ Հերթական աղմուկը կապված է 44-օրյա պատերազմի և խաղաղության հետ։

44-օրյա պատերազմից գրեթե 6 տարի հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը պատրաստ է խոսելու, զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնելու բազմակողմանի և փաստարկված վերլուծություն, բայց միայն ԱԺ-ում՝ փակ ձևաչափով քննարկման տարբերակով։

Այս պահին հայտնի չէ, թե ի՛նչ նոր ասելիք ունի Օնիկ Գասպարյանը, որը չի տրամադրել ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, որտեղ հարցաքննվել էր դեռևս 2023 թ․ մարտին։ Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարության մեջ կա հետևյալ ձևակերպումը․ «իրականությանն առերեսվելու ժամանակն է և շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները պայթեցնելու»։

Ընդդիմադիր դաշտի համար ընկալելի չէ Գասպարյանի այս պահվածքը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է։

«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։ Ինչո՞ւ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։ Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։ Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»։  

Վերջին ակնարկը թերևս հաստատում է տարածվող այն վարկածը, որ 44-օրյա պատերազմի հետ կապված նոր աղմուկը կարող է կապված լինել նախընտրական պայքարի հետ։

Ամեն դեպքում վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ և հանրային գործիչներ հերքել են Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հետ կապված հայտարարությունները։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչներից, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել են Գասպարյանի այն պնդումը, թե պատերազմի չորրորդ օրը նա առաջարկել է դադարեցնել մարտական գործողությունները: 2021-ին Աժ-ում Փաշինյանը, հղում անելով Անվտանգության խորհրդի նիստերի գաղտնազերծված արձանագրություններին, նշեց․

«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Չի ասել գլխավոր շտաբի պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված։ Ընդհակառակը` ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»։

44–օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարել է, որ հանձնաժողովն ունի Օնիկ Գասպարյանի ասածի հակառակ փաստերը: Քաղաքական և հանրային գործիչները նույնպես պարբերաբար բարձրաձայնել են հարցեր, որոնց պատասխանները կցանկանային լսել ԶՈՒ ԳՇ նախկին պետից։ Մասնավորապես՝ Արման Բաբաջանյանը Գասպարյանին անվանել է 44-օրյա «պատերազմի գլխավոր պարտվածը»: Իսկ Արթուր Ղազինյանը պնդում էր, որ Գասպարյանը պետք է պատասխանի հարցին, թե ինչու պատերազմից առաջ զորքերը լիարժեք մարտական վիճակի չեն բերվել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը թեև իրավիճակի կապակցությամբ տարակուսանք ունի, բայց կցանկանար նաև լսել ԳՇ նախկին պետին։

«Կարծում եմ, որ ինքը դրա մասին պետք է խոսի, և եթե ասում է, որ պատրաստ է քննարկել, լավ է ուշ, քան երբեք։ Միևնույն ժամանակ էլ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ինչու՞ չի տեղեկություն տալիս մեր հանրությանը։ Մեր հանրությունն է պահանջում, մենք էլ ենք դրա մասին մի քանի անգամ ասել, և իշխանությունների խնդիրն է խելամիտ կերպով հանրությանը վերաբերող մասը, որը գաղտնիություն չի պարունակում, տեղեկացնել հանրությանը։ Որպեսզի հանրությունը իմանա, փարատի այն մտավախությունները, որ եղել են, և ամենակարևորը, որ փարատի նաև այն մտավախությունը, որ այսօր արդյո՞ք անվտանգային համակարգը պատշաճ մակարդակի վրա է»։   

Սեյրան Օհանյանը կարևոր է համարում, որ անուններ հնչեն, երբ իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ պատերազմի օրերին «գեներալներ են փախել»։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի 215-էջանոց ամփոփիչ զեկույցի զգալի մասը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք, ինչի պատճառով այն ամբողջությամբ չհանրայնացվեց և այժմ պահվում է ԱԺ գաղտնի բաժնում՝ արխիվում։ Թեև բուն զեկույցը 215 էջ է, հանձնաժողովի հավաքած նյութերը շատ ավելի ծավալուն են: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ուսումնասիրվել են հազարավոր էջերի հասնող փաստաթղթեր, օպերատիվ տվյալներ և տեսաձայնագրություններ:

Զգայուն հարցերը նախընտրական շրջանում դաշտ նետելու հիմքում առաջին հերթին շատերը տեսնում են քաղաքական նպատակներ և ենթատեքստ։ Օնիկ Գասպարյանի առաջ բերած թեմայում հիմնական տարաձայնությունը կամ վեճը երեք հարցի շուրջ է՝ չորրորդ օրվա զեկույցը, Շուշիի անկումը և «Իսկանդեր»-ի կիրառումը։

Այս պահին արդեն ակնհայտ է, որ պատերազմի և Արցախի կորստի թեման առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանցքային թեմաներից մեկն է լինելու թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։ Պարտության համար ընդդիմադիրներին մեղադրելու իշխանության փորձերին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձագանքում է․

«Ձե՞ռք են առնում մեզ։ Չէ լո՞ւրջ։ Իրենց կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է և հայաթափվել։ Դուք շնորհավորեցիք, ուղիղ 6 օր այսինչ կուսակցության ղեկավարն էր Ազգային ժողովի նախագահ Արցախում։ Լո՞ւրջ են ասում, բա ինչի՞ չեն ասում, որ դա առաջին անգամը չի եղել, որ պարոն Հարությունյանը հրաժարական է տվել այդ ժամանակահատվածում, և այն պատասխանատու գործիչները, որոնք ստանձնել են այդ ժամանակ Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չունեին»։  

Նախընտրական միջոցառումներում՝ համագումարներում, ելույթներում և հանրությանն ուղղված խոսքերում այս թեման ակնհայտորեն արդեն իր տեղը զբաղեցրել է ամենօրյա խոսույթում։ Այս խնդրի վրա է շեշտը դնում նաև Հայ ազգային կոնգերսի նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը․

«21 թվականին նաև պետք է հավատայինք նրան, որ ՔՊ–ի ծրագրում նախընտրական գրված էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։ Դրան էլ հավատաց չէ՞ ժողովուրդը։ Ընդամենը երկու տարի հետո այդ կարգախոսով ընտրվելուց հետո Արցախը ոչնչացվեց։ Հիշեք, սկզբից ասում էր` դե չենք կարող գնանք կարգավորման, որովհետև ԼՂ վերջնական կարգավիճակի լուծումները մեզ չեն բավարարում։ Հետո փոխվեցբա հողերը տայինք, որ ասեին` դավաճա՞ն ենք։ Հիմա մի նոր բանի են անցելչգնացինք կարգավորման, որ պաշտպանենք մեր անկախությունը և հաշտություն հաստատենք Ադրբեջանի հետ, երկխոսություն Թուրքիայի հետ»։

Մինչ ընդդիմությունը քննարկում, քննադատում և հանրությանն է ներկայացնում իշխող կուսակցության՝ տարբեր տարիների նախընտրական ծրագրերը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ առաջիկա 5 տարիների համար նախատեսված ծրագիրը։ Արտաքին անվտանգային բաժինը, ըստ վարչապետ Փաշինյանի, կարևորագույններից մեկն է․

«Երբ մենք միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, պատերազմի ֆունդամենտալ պատճառը վերանում է։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ այսօր ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Նպատակը հիմա նրանք ուղիղ չեն ասում, բայց անուղղակի, կամաց-կամաց քայլ–քայլ ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն՝ կոնֆլիկտը վերականգնելն է, այսինքն՝ պատերազմը վերականգնելն է։ 1991 թ.-ից սկսած մինչև 2024 թ.-ը փաստացի մենք խաղաղություն երբեք չենք ունեցել։ Պատերազմը եղել է միշտ, և մենք ունեցել ենք պատերազմ տարբեր ինտենսիվությամբ։ Մենք պատերազմ ունեցել ենք, որովհետև եղել է Ղարաբաղի կոնֆլիկտը, եղել է Ղարաբաղի շարժումը։  Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, և մենք մեզ հաշիվ ենք տվել։ Մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»։

Անցած տարիների իրողություններն այս փուլում չեն ներկայացվում միայն ծրագրերով, ելույթներով կամ հայտարարություններով։ Անցած տարիների իր  ճանապարհն ու ընկալումը մտադիր է առաջիկայում հանրությանը ներկայացնելու նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա գիրք էր գրում և հայտարարել է, որ արդեն ավարտել է։ Հեղափոխական ուղուց բացի է՛լ ինչ դրվագներ կբացահայտի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը՝ պարզ կդառնա առաջիկայում, երբ գիրքը հանձնվի հանրության դատին։  

Կարդացեք նաև

Back to top button