ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը՝ կասկածի տակ

Շրջափակված Հորմուզի նեղուցում ամերիկյան զինուժը վերահսկողության տակ է վերցրել իրանական առևտրային մի նավ, իսկ առջևում ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլն է։ Թեև միջազգային ու իրանական մամուլը թերահավատ է դրանց անցկացմանը, սակայն Պակիստանում արդեն պատրաստվում են ընդունելու երկու երկրների պատվիարակություններին։

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կընդունի բանակցության նախաձեռնությունը, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի ծովային շրջափակումը:

Տպավորություն է, թե ԱՄՆ-Իրան փխրուն հրադադարը յուրաքանչյուր պահի կարող է խախտվել ու նոր լարվածության սկիզբ դառնալ։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը կանգնեցրել ու վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը հատել փորձող իրանական դրոշով բեռնատար նավ։ Կատարվածը  կասկածի տակ է դրել  ժամեր անց Իսլամաբադում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի անցկացումը՝ գրում է միջազգային մամուլը՝ զուգահեռաբար տեսանյութեր հրապարակելով, թե ինչպես են Պակիստանում պատրաստվում ընդունելու երկու երկրների պատվիրակություններին։

AP-ն հաղորդում է, որ Իսլամաբադը պատրաստ է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը հյուրընկալելուն․

«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները սկսվել են Իսլամաբադում՝ առավոտյան։ Սա տեղի է ունեցել նախքան նախագահ Թրամփը կհաստատեր, որ ԱՄՆ պատվիրակությունը ուղևորվում է Պակիստանի մայրաքաղաք»։

Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների համար նախատեսված երկու հյուրանոցներում անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվում։

Չնայած սրան՝ դեռ հստակ չէ՝ իրանական կողմը մասնակցելու է բանակցություններին, թե ոչ։

Իրանական դրոշով առևտրային նավի առգրավումը Թեհրանը ծովահենություն է որակել և հակահարված խոստացել։ Կատարվածը հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային․

«Մենք գործ ունենք հրադադարի խախտումների հետ և սա այն ժամանակահատվածում, երբ հրադադարը պետք է պահպանվեր նաև Լիբանանում։ Նրանք պնդում են, որ Իրանի ծովային շրջափակում է իրականացված, որ առևտրային նավի վրա հարձակում կա։ Այս բոլորը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտումներ են, ինչպես նաև հրադադարի ուղղակի խախտումներ։ Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է որևէ մեկը վստահել Միացյալ Նահանգների կողմից հաշտության պատրաստակամությանը և դիվանագիտության մասին պնդումներին։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, Եվրամիությունը չի կարող պարզապես մեղադրել Իրանին վառելիքի գների հետ կապված մտահոգությունների համար՝ լավ գիտակցելով, որ իրավիճակի հետևում կանգնած է Միացյալ Նահանգները»։

Իսկ ամերիկյան պատվիրակությունն արդեն ուղևորվել է Իսլամաբադ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանագնացներն այսօր կլինեն Պակիստանում։ Պատվիրակությունը չի գլխավորի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Իսկ Թեհրանում դեռ որոշում չեն ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու։ Միջազգային մամուլը ենթադրում է, որ իրանական պատվիրակությունը չի մեկնի Պակիստան ԱՄՆ-ի հետ բանակցելու համար։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև հայտարարված երկշաբաթյա հրադադարն ավարտվում է երկու օրից՝ ապրիլի 22-ին։

Կարդացեք նաև

Back to top button