
Վարչապետը ոչ միայն ծանոթ է նոր սահմանադրության տեքստին, այլև դրա որոշ հատվածների վրա անձամբ է աշխատել։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին, բայց նաև նշեց, որ նոր սահմանադրության տեքստը դեռևս պատրաստ չէ հրապարակման համար․
«Խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային և կարևոր նյուանսների շուրջ, որը կապված է պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի բանավեճ կա կառավարական և քաղաքական թիմում, և ես չեմ ուզում, որ մենք հրապարակենք թուղթը առանց այդ բանավեճերը հասցեագրելու, այսինքն՝ աշխատանքային մակարդակով, բայց, ցավոք, նախընտրական շրջանը գնալով ավելի արագ տեմպերով մոտենում է»։
Առանց բանավեճի առարկա դարձած հարցերը լուծելու, կառավարությունը չի հրապարակի նոր սահմանադրության տեքստը։ Վարչապետի խոսքով՝ պլանավորվում էր մինչև խորհրդարանական ընտրությունները կարգավորել բոլոր չլուծված հարցերն ու հրապարակել այն, սակայն ներքաղաքական գործընթացներն ու ընտրապայքարն այս պահին ավելի առաջնահերթ են իշխանության համար․
«Եթե չհասցնենք հասցեագրենք, հրապարակումը կմնա ընտրություններից հետո»։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսել էր, որ արդարադատության համակարգում լուրջ խնդիրներ կան և նոր սահմանադրությունը առաջին հերթին պետք է լուծումներ առաջարկի դրա համար։ Մասնավորապես, նա խոսել էր երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին։ Վարչապետը լրագրողներին ներկայացրեց իր պատկերացումները երդվյալ ատենակալների գործունեության վերաբերյալ։
«Ես կարծում եմ, և դրա մասին խոսվել է, որ չի կարող լինել իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չի։ Այս առումով, ես կարծում եմ, որ դատավորների ընդհանուր ժողովի, ասենք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու իրավունք պետք է չունենան, նրանք պետք է իրավունք ունենան թեկնածու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է ընտրությունը, վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, և այդ մարմինը Ազգային ժողովն է, և այսպես շարունակ»։
Վարչապետը սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ որոշ փակագծեր բացեց․
«Նույնիսկ կա առաջարկ, որ Սահմանադրության անցումային դրույթներում մենք ունենանք դրույթ, որ Սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող և միայն բարեվարքության նոր ստանդարտի հաստատմանամբ, որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով, որտեղ բաներ կան, որ մեր իրավակարգավորումներով հնարավոր չէ, որ նրանք կվերանշանակվեն, ովքեր այդ որակավորման գնահատումը կանցնեն դատավորի կարգավիճակով»։
Վարչապետը ճեպազրույցի ընթացքում մի քանի անգամ կրծքին ամրացված Հայաստանի քարտեզի մակետի օրինակով խոսեց տարածքային ամբողջականության մասին։ Այդ քարտեզից դուրս ցանկացած տարածքի նկատմամբ հետաքրքրություն ունենալը նա վտանգավոր համարեց․
«Շատերը մեղադրում են, ասում են՝ գիծը ընդունելով, դուք մեզ սահմանափակում եք, որ մենք գնանք և ավելին ունենանք։ Ասում եմ՝ այո, ճիշտ եք ասում, սահմանափակում ենք մի տարբերությամբ, որ այս գիծը ոչ միայն մեզ է սահմանափակում, այլև ուրիշներին։ Գիտե՞ք, եթե մենք ասում ենք՝ ստեղ գիծ չկա, հետևաբար մենք կարող ենք գնալ վերցնել ինչքան ուզում ենք, իրանք էլ կարող են ասել՝ շատ լավ, դե որ գիծ չկա, մենք էլ ենք գալիս վերցնենք անքան, ինչքան ուզում ենք»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նա ընդգծեց, որ ապրիլի 1-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են շարունակել իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում․
«Մենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ ընդհատվել էր կամ էականորեն կրճատվել էր, և մենք, այո՛, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մյուս ուղղություններին, Նիկոլ Փաշինյանի՝ խոսքով մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգում կլինեն վիզաների ազատականացման, ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մասին հարցերը։ Վարչապետը նաև ընդգծեց՝ ժամանակն է, որ հայ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների շփումները ընկալվեն առօրյա աշխատանքային տրամաբանության մեջ։
«Բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և ուզում եմ ասել, որ, օրինակ, այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չէ, թուրքական ավիաուղիները կարող են Հայաստան-Երևան թռիչքներ իրականացնել»։
Վարչապետ Փաշինյանը հույս ունի նաև, որ առաջիկայում Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ ավիաչվերթներ կիրականացվեն։




