
Եռօրյա քննարկումից հետո խորհրդարանն ավարտել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկումը, որն ավելի շատ ընթացել է ոչ թե փաստաթղթում տեղ գտած ցուցանիշների, այլ երկրում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ։ Քննարկումը վերածվել է սուր բանավեճի՝ փոխադարձ մեղադրանքներով, կոշտ ձևակերպումներով ու հռետորաբանությամբ։ Խորհրդարանական ընդդիմությունն ու մեծամասնությունը բանավիճել են այն հարցի շուրջ, թե որ ուժերը և ինչու չպետք է լինեն հաջորդ գումարման խորհրդարանում
Նիկոլ Փաշինյանը գիտի, թե երբ կավարտվի «նախկին-ներկա»՝ շուրջ 8 տարի ձգվող բանավեճը։
«Դրա համար պետք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «ԲՀԿ»-ն անցողիկ շեմը չհաղթահարեն։ Չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական խնդիր է դառնում և այդ իրատեսականությունն այս ամբիոնից ուղղակի ճառագեց»։
Նիկոլ Փաշինյանը բացատրում է՝ հունիսի 7-ին սպասվելիք ընտրություններում այդ քաղաքական ուժերին քաղաքացիները քվե չեն տա՝ վերջիններիս գործողությունների հետևանքով։
«Ինչի՞, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանեով «ժեխ», «շունուշանգյալ», «բոշա», այսինքն՝ այստեղ իրենք մարտահրավեր են նետում , որ իրենց ձայն տվող մարդը պետք է ինքն իրեն հայտարարագրի որպես «ժեխ», «շունուշանգյալ», «բոշա», սա իրենց մարտահրավերն է, և ՀՀ քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերն ընդունո՞ւմ է, թե չէ՞»։
Քանի դեռ ՀՀ քաղաքացին չի որոշել, գործող խորհրդարանում « նախկին-ներկա» բանավեճը շարունակվում է։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնին է մոտենում՝ ձեռքում կառավարության ծրագիրն ու ըստ տարիների՝ դրա կատարման զեկույցները։ Մինասյան խոսքով՝ փաստաթղթերի միակ նմանությունը դրանց կազմերի գույնն է․ այլ նմանություն ընդդիմադիր պատգամավորը չի գտնում։
«Եթե ուշադիր կարդա հայ ընթերցող զեկույցները, ուրեմն, սկզբում կտեսնի հերոս Սասունցի Դավիթի կերպարի մեջ մտած մի կառավարություն և նրա ղեկավար, որը հայ ժողովրդին բարեկեցություն, երջանկություն, հզորություն, արտաքին ազդեցության ազդեցությունից նվազեցումներ է բերում։ Կկարդա հաջորդ տարվա զեկույցը, որտեղ արդեն Սասունցի Դավթի կերպար ստացած, վերցրած անձը կդառնա արդեն խիստ կրոնավոր, հավատացյալ և հոգևոր առաջնորդություն կվերցնի։ Հաջորդ տարվա զեկույցում արդեն ընկճված, հա պարտված հանձնվողի հոգեբանությամբ մի կերպարի կհանդիպի»։
Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նույնպես ԱԺ ամբիոնին է մոտենում փաստաթղթերով․ աջ ձեռքում՝ կառավարության ծրագիրը, իսկ ձախում՝ «ՀՅԴ» 004, իր ձևակերպմամբ, տխրահռչակ շրջաբերականը։ Ռուբինյանը նախ անկեղծանում է՝ Արծվիկ Մինասյանն իր ամենասիրելի դաշնակցական գործիչն է, ապա անցնում բուն ելույթին։ ԱԺ փոխնախագահը ՀՅԴ-ին է մեղադրում Արցախի հայաթափման մեջ և մեջբերում շրջաբերականից հատվածներ։
«Ղարաբաղում փոխել իշխանությունը, այնպես անել, որ եթե երաշխավորը որոշի Ղարաբաղն ուղիղ ենթարկեցնել իրեն նաև Հայաստանն ուղիղ ենթարկեցնի իրեն, որովհետև ժամանակակից աշխարհում ինքնիշխանությունը չափազանց մեծ ճոխություն է մեզ նման ժողովրդի համար։ Ես չգիտեմ, թե ով է սա գրել, բայց մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը, որ ինքն էլ չկարողանա այսպիսի հիմար մտքեր գրել»։
Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ընդդիմությունը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության հռչակագրի վերաբերյալ ասելու է հետևյալը․
«Դուք գալու եք ասեք՝ այս խաղաղության ճարտարապետությունը ազգային չի, ազգանպաստ չի, ազգանվեր չի, քոչարյանական չի, ուժեղ չի, իրական չի, ազնիվ չի, պարկեշտ չի»։
«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը ընտրություններից առաջ է խոսում խաղաղության ու ներկա իրավիճակի մասին և դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Պարոն Փաշինյա՛ն, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբ, ողբերգություն, Արցախի Հանրապետության կորուստ, Հայաստանի 3-րդ Հանրապետության կորուստ։ Դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքը, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդը»։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ պատերազմն ավարտվում է այն ժամանակ, երբ հանգուցալուծվում է այն ծնած պատճառը, ինչին Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում․
«Բա այդ ենք ասում, պատերազմի պատճառը եղել է «Ղարաբաղյան» շարժումը։ «Ղարաբաղյան» շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա, այս է ամբող խնդիրը»։
Նիկոլ Փաշինյանի խոսքը «Ղարաբաղյան» շարժումը չշարունակելու և ընդդիմադիր պատգամավորների սեղաններին դրված Արցախի դրոշների մասին խոսույթը շարունակեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։
«Որովհետև, երբ որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ինքը դադարեցնում է «Ղարաբաղյան» շարժումը և այլևս չի շարունակելու «Ղարաբաղյան» շարժումը, դուք եկել եք այստեղ ինչ ասես խոսել եք, ինչ ասես արել եք, ասել եք սա կործանում է, սա մահ է, սա այն է և այլն, հետո գնացել են հարցում են արել, տեսել են, որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կիսում է ՀՀ վարչապետի «Ղարաբաղյան» շարժումը չշարունակելու մասին հայտարարությունը և կիսում է այդ տեսակետը»։
Վարչապետի ձևակերպմամբ՝ իշխանությունը գիտակցված է գնացել այդ ճանապարհով:




