ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Մոսկվան և Բաքուն AZAL-ի հարցը լուծել են

2024-ի դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետը, որը տասնյակ կյանքեր էր խլել, ավելի քան մեկ տարի լարվածության պատճառ էր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Երկար բանակցություններից ու փոխադարձ մեղադրանքներից հետո կողմերը հայտարարել են՝ հասել են համաձայնության՝ փակելով այդ ցավոտ էջը։ Սակայն հարցերը դեռ ամբողջությամբ սպառված չեն։

Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ վերջնականապես պարզել են AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի կործանման հանգամանքները։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի և վստահության հիմքով։  Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրել են․

«Պուտինը փաստացի կատարեց Ալիևի՝ ամիսներ շարունակ հնչող պահանջը՝ խոստացավ պատժել մեղավորներին, տուժողներին էլ փոխհատուցում տրամադրել»։ 

Արտգործնախարարությունների հայտարարությանը նախորդել են ակտիվ դիվանագիտական շփումներ։ Ավելի վաղ Ադրբեջան էր այցելել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, իսկ ապրիլի 15-ին Բաքու է մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Պաշտոնական հաղորդագրությամբ նշվել է երկկողմ  գործակցության լայն օրակարգի մասին։ 

Ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական պարզաբանումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերություններում՝ հայտարարել է պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։ Նրա խոսքը մեջբերել է «Ինտերֆաքսը»։

«Մենք շատ ուրախ ենք, որ  մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները»։

Ավիաաղետը 2024-ի դեկտեմբերի 25-ին էր։ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջքի  ժամանակ կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։ Զոհվել էր 38 մարդ։ Դրանից հետո զգալիորեն լարվել էին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Վերջինս Ռուսաստանին էր մեղադրում ադրբեջանական ինքնաթիռին հարվածելու համար։ Սկզբնական փուլում ռուսական կողմը, առաջ քաշելով տարբեր վարկածներ, հերքում էր, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերն են հարվածել։ Ադրբեջանի նախագահն այդ շրջանում հայտարարեց, որ ինքնաթիռը կործանվել է, իր ձևակերպմամբ, «գետնից գնդակոծության պատճառով», և, որ, ըստ նրա, «ռուսները փորձում են կոծկել իրականությունը «զառանցական վարկածներով»։ Մեջբերում

«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել  և կարող ենք դա ապացուցել։ Մոսկվան պետք է ընդունի իր մեղքը, պատժի պատասխանատուներին և փոխհատուցում տրամադրի զոհերի ընտանիքներին»։ 

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն էր խնդրել՝ ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։ Սակայն այդ փուլում էլ դեռ չէր հստակեցվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցումը։ Այնուհետև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ողբերգությանն անդրադարձել էին Դուշանբեում, որից հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին.

«Պուտինն ընդունեց, որ ողբերգությունը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության համակարգի գործարկման պայմաններում՝ նշելով, որ այդ պահին տարածաշրջանում արձանագրվել էին անօդաչու թռչող սարքերի հարձակումներ»։

Չնայած այդ խոստովանությանը՝  դեպքի առթիվ հարուցված գործով քննությունն ամբողջությամբ չավարտվեց․Ռուսաստանի քննչական մարմիններն ավելի ուշ փակեցին գործը՝ առանց որևէ մեկի պատասխանատվության ենթարկելու։ Սա Բաքվում առաջացրեց լուրջ դժգոհություն։ Ադրբեջանական կողմը նույնիսկ հայտարարեց միջազգային դատական ատյաններ դիմելու պատրաստակամության մասին։ Այս առումով, սակայն, զարգացումներ տեղան։  

Գերմանական DW պարբերականի վերլուծաբանները նկատում են, որ կողմերը փորձում են այս փուլում փակել լարվածության էջն ու կենտրոնանալ հարաբերությունների զարգացման վրա։ Վերլուծաբանները նկատում են, որ, չնայած ձեռք բերված համաձայնությանը, մի շարք հարցեր շարունակում են բաց մնալ։ Մասնավորապես, որևէ մեկին պատասխանատվության չենթարկելը և քննության թափանցիկության շուրջ կասկածները շարունակում են  հարուցել ադրբեջանական հանրության դժգոհությունը։

Կարդացեք նաև

Back to top button