ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ընդդիմության կարուսելի, արդարադատության մետաստազների և խիստ անհրաժեշտ երդվյալ ատենակալների մասին․ ԱԺ-ում քննարկել են կառավարության կատարողականը

ԱԺ լիագումար նիստում կառավարության անդամները շարունակել են ներկայացնել 2025 թվականի կատարողականի մասին զեկույցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հարցերին ու նկատել, որ ընդդիմադիր պատգամավորները քննարկմանը չեն մասնակցում․ նրանք գրանցվում են, ապա լքում նիստերի դահլիճը։ Իշխանություն–ընդդիմություն բանավեճը վերսկսվել է քվեարկության ժամին։

ԱԺ-ում քվեարկության ժամը պատգամավորներն օգտագործում են ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններին «այո» կամ «ոչ» ասելու, այլև բանավիճելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, վարման կարգով խոսելու իրավունք ստանալով, դիմում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը․

«— Քանի որ ձեզ մեկ գրանցվելուց ենք տեսնում, մեկ քվեարկելուց, հիմա հարցնեմ էլի, հիմա խմբակցությունով նստած եք ձեր խմբակցությունում, ձեզ հետ նստած է տիկին Էլինար Վարդանյանը, որը առաջադրվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակով ու իրենք հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանին չեն պատրաստվում քվեարկել։  Ձեր խմբակցությունում քանի՞ հոգի կա, օրինակ, որ հիմա ձեր կողքը նստած է ու չի պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին քվեարկել։

— Խնդրում եմ այդ հարցով չդիմել ընդդիմությանը վարման կարգով, որովհետև նման հնարավորություն չունեք»։

Թեև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը զգուշացնում է, որ պատգամավորները չեն կարող քվեարկությանը զուգահեռ քաղաքական բանավեճ ծավալել, ԱԺ մյուս փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ընդդիմադիր պատգամավորի՝ այլ դաշինքի նախընտրական ցուցակում լինելու թեման․

«— Խնդրում եմ մասնավորեցնել` «դուք»-ի մեջ տիկին Էլինար Վարդանյանը մտնու՞մ է, թե՞ ոչ, որովհետև նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր է և ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան» ցուցակով։ Ուզում եմ հասկանամ` գուցե տիկին Էլինար Վարդանյանը միաժամանակ մտնո՞ւմ է, և ձեր «մենք»-ի մեջ, և պարոն Ծառուկյանի։

— Պարոն Ռուբինյան, այնուամենայնիվ առաջարկում եմ իրար հարցերով հարցուպատասխանի ֆորմատ չմտնենք, որովհետև կարծում եմ` դա չի ելնում արդյունավետ կառավարման Ազգային ժողովի խնդիրներից»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ հարցի բարձրաձայնումը ուղղորդված էր խորհրդարանի դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանից․

«Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ դուք տեսաք` ինչպես են «sms»-ներով հրահանգներ իջեցվում։ Գոնե իմ պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը, և նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին»։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատգամավորին ստուգել իր նամակները․

«— Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում։

— Որ չեք նայում, ո՞նց եք գնահատականները հնչեցնում։

— Հեսա ես ենթադրում եմ, որ շուտով կտենաք Ձեզ ինչի՞ էին նկարում»։

Րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց․

«Երեկվանից ԱԺ-ում քննարկում ենք կառավարության զեկույցը, ընդդիմադիր պատգամավորները չկային, հիմա եկել են, որ պարգևավճարներ ստանան»։

Վարչապետն արդեն երկու օր կառավարության անդամների հետ խորհրդարանում է կառավարության 2025 թվականի կատարողականի մասին զեկույցը ներկայացնելու համար։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քննարկումներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հարցերին պատասխանելիս վարչապետը նկատում է ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժը․

«— Ընդդիմություն սենց գալիս- գնում է։

— Պարոն վարչապետ, գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։

— Տենց  ինչ-որ բան, ոնց որ պտտվի՝ կյանքի կարուսել երգի նման։ Այստեղից մտնում են, դուրս են գալիս, մտնում են, դուրս են գալիս»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր անդրադառնում է ոչ միայն նախորդ տարվա, այլև 2021-2026 թվականների գործունեությանը, ընդգծելով, որ սա նաև հաշվետվություն է առաջիկա ընտրություններից առաջ։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցնում է՝ որոնք են գործադիրի՝ այդ տարիների 3 ամենամեծ ձեռքբերումները, և որ հարցերում դեռ չի հաջողվում առաջընթաց ունենալ․

«Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ, բնականաբար, խաղաղությունը։ Երկրորդը՝ առողջության ապահովագրության համակարգը և սրանից բխող նաև սոցիալական հատվածում մեր մյուս ձեռքբերումները, որոնց մասին նշեցի երեկ՝ սկսած կենսաթոշակների շարունակական բարձրացմամբ և ետվճարի համակարգը»։

Փաշինյանի կարծիքով՝ համակարգային խնդիրներ ունեցող ոլորտները երկուսն են․

«Ջրային ոլորտը և արդարադատության ոլորտը,  2 տեղերում էլ մենք մեծ պրոբլեմներ ունենք, և էդ պրոբլեմները կուտակված են, էդ պրոբլեմները չեն լուծվում»։

Փաշինյանի համոզմամբ՝ դատական համակարգի խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության ընդունման․

«Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50 + 1 %–ը չի քվեարկել Հայաստանի Սահմանադրության օգտին։ Այսինքն` Հայաստանում հաստատված իրավակարգի և քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետև քաղաքացին չի հասկանում` այս իրավակարգը ով է ստեղծել, ոնց է ստեղծել, և ես պետության արդարության և արդարադատության համար շատ կարևոր եմ համարում, որ ի վերջո Հայաստանում լինի Սահմանդրություն, որը քաղաքացին կընդունի անհրաժեշտ թվով ձայներով, ազատ կամարտահայտմամբ»։

Փաշինյանի ձևակերպմամբ՝ ծայրահեղ անհրաժեշտություն է երդվյալ ատենակալների համակարգի ներդրումը․

«Նախկինում ինչքան խոսել ենք երդվալ ատենակալների մասին, ասում են` դե գիտեք ինչ, փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում են, բարեկամ են, բայց չհասկացա` ոնց է, որ քննիչի համար փոքր երկիր չի, դատախազի համար փոքր երկիր չի, դատավորի համար փոքր երկիր չի, հենց բանը հասնում է քաղաքացուն, քաղաքացու համար երկիրը միանգամից փոքրանում է»։

Արդարադատության ոլորտի խնդիրները վիրահատական ճանապարհով պետք է լուծվեն, ասում է Փաշինյանը և հավելում, քիմիաթերապիան այլևս օգուտներ չի տալիս․

«Հերիք է, ժողովրդի նյարդերը ինչքա՞ն կարելի է քայքայել, ինչքա՞ն կարելի է քայքայել։ Ես էլի եմ ասում` Սերժ Սարգսյան է, Ռոբերտ Քոչարյան է արդարադատությունը, հիմա ինքը իրան վերարտադրում է, պետք է էդ վերարտադրության մետաստազը կտրել ընդհանրապես և այդ քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով, որովհետև այլևս էլ տեղ չկա, որովհետև խայտառակություն է։ Էսօր Հայաստանում արդարադատության համակարգում  ինչ֊, որ տեղի է ունենում, ինչքան էլ մենք օգնում ենք, աջակցում ենք, ուզում ենք այնպես անենք, որ որ առաջ գնա փոփոխությունը, բայց այստեղ օրգանական պրոցես կա, օրգանական պրոբլեմ կա»։

ԱԺ-ում առաջիկայում կշարունակվի կառավարության գործունեության մասին զեկույցի քննարկումն ըստ ոլորտների։ Հարակից զեկույցներով հանդես կգան նախարարներն ու պատգամավորները։

Կարդացեք նաև

Back to top button