
Դիանա Միքաելյան
«Ռադիոլուրի» համար
Կան անուններ, որոնք լսելիս ակամայից մեղեդի ենք հիշում։ Խաչատուր Ավետիսյանի անունն ու նրա քանոնի ձայնը հայ երաժշտության մնայուն արժեքներից են։ Երևանի Կոնսերվատորիան նախօրեին մի հարկի տակ էր հավաքել վարպետի ընկերներին, սաներին ու երաժշտասերներին՝ նշելու մեծ կոմպոզիտորի 100-ամյակը։
1951 թվականին Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնում նա, որպես քանոնահար, շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Մի քանի տարի անց նրա ղեկավարած քանոնահարների անսամբլը Մոսկվայի համաշխարհային փառատոնում արժանացել են 3-րդ մրցանակի:
Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի երաժշտությունն ու մինչև օրս սիրելի կատարումները Կոնսերվատորիայում էին մեկտեղել արվեստի ու հենց նրա արվեստի երկրպագուներին։ Կոմպոզիտորի 100-ամյակը «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը յուրօրինակ մշակութային տոն էր դարձրել։ Համերգի օրը խորհրդանշական էր․ 1929 հենց այդ օրն է ծնվել է Խաչատուր Ավետիսյանը։
Իր մանկությունը Գյումրիում անցկացրած Խաչատուրը դեռ վաղ տարիքից նվագում էր թե՛ թառ ու քամանչա, թե՛ ջութակ ու դաշնամուր։ Տարիներ անց պետք է պատմի, որ Գյումրվա մեղեդային միջավայրն է դարձել իր աշխարհայացքի ու ստեղծագործությունների հիմքը։
Կոմպոզիտորի ստեղծագործություններից շատերը քանոնի համար են գրվել, թեև երաժշտական իր առաջին քայլերն արել է որպես թառահար, ապա միացել մի հրաշալի նախաձեռնության՝ հիմնադրելու Հայաստանի պարի պետական անսամբլը։ Սա նոր ու վառ էջ էր Ավետիսյանի կյանքում, քանի որ երգից զատ նա, արդեն որպես Հայաստանի պարի պետական անսամբլի երաժշտական ղեկավար, նաև հայկական պարն էր հասցնում աշխարհի տարբեր ծայրեր։
Խաչատուր Ավետիսյանի հոբելյանական երեկոյի հյուրերն էին վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանը և երգիչ Վարդան Բադալյանը։
«Նովա» անսամբլի ղեկավար ու դիրիժոր Հելբերտ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծացավ՝ այս օրը չնշել պարզապես չէին կարող։
«Ներկա էին և՛ Խաչատուր Ավետիսյանի բարեկամները, և՛ իր սաները, և՛ իր գործի շարունակողներն ու գործընկերները, շատ մտերմիկ մթնոլորտ էր. կարծես Խաչատուր Ավետիսյանն էլ ներկա լիներ։ Շատ ուրախ ենք, որ իր սաները իր կոլեգաները, և իր երկրպագունները այսքան շատ են և այսքան մեծ ոգևորությամբ էին եկել։
Մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանը, որը եղել է Խաչատուր Ավետիսյանի ուսանողուհին, «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց․
«Քանի որ ես եղել եմ Խաչատուր Ավետիսյանի սաներից և այն երջանիկներից եմ, որոնք պատկանում են վերջին սերնդին, շարունակում եմ վարել իր դասարանը։ Իհարկե, դա իր վստահությունն էր, որովհետև երբ նա թողեց դասավանդումը, դասարանը վստահեց ինձ ու ասաց. «Կշարունակես նույն ոճով, նույն ձևով կմնաս»։ Դա ինձ համար և՛ մեծ պատասխանատվություն էր, և՛ մեծ ուրախություն։ Այդ ժամանակ տխրեցի, որովհետև նա այլևս չէր դասավանդելու. ինքը միշտ ասում էր՝ դուք իմ վերջին սերունդն եք։ Խաչատուր Ավետիսյանի այսօրվա հոբելյանը ոչ միայն տոն է բոլորիս համար, այլև մի ամբողջ երաժշտական մտածողության, մի ամբողջ դպրոցի և ուսուցչի լուսավոր կերպարի արժևորում»։
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանն Ավետիսյանի ընկերն է եղել։ 20 տարով իրենից մեծ ընկերոջ մասին Ոսկանյանը հիշելու ու պատմելու շատ բան ունի, միայն թե հուզմունքն է խանգարում։
Ավետիսյանը հետագայում իր ներդրումն է ունեցել Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում, Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում ղեկավարել իր իսկ հիմնած Ժողովրդական նվագարանների և երգեցողության ամբիոնը։
Հանրային ռադիոյի ձայնային պահոցը հարուստ է կոմպոզիտորի ստեղծագործությունների արժեքավոր ձայնագրություններով։




