Հասարակություն

Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում տեղի ունեցածը անպատժելիության մթնոլորտն է. կարծիքներ

Սոնա Հակոբյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

 

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման դեպքի հետևանքով տասնյակ երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց: Թունավորման պատճառը դեռ պարզ չէ, սակայն «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի համար պատճառն այնքան էլ էական չէ: Դեպքի գլխավոր պատճառը անպատժլիությունն է, որը պարբերաբար նորանոր դեպքերի է հանգեցնում: Իսկ թիրախում հիմնականում երեխաներն են: Ինչու են անարձագանք մնում նմանատիպ դեպքերը և ինչ են անում այդ ուղղությամբ համապատասխան գերատեսչությունները:

Անվերահսկելիության և անպատժելիության միջավայր. Ահա թե ինչի հետևանքն է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված երեխաների թունավորման դեպքը: Մանուկները թունավորվել են և դեռ հստակեցված չէ՝ ջրից է եղել թունավորումը, թե՞ սննդից, լրագրողների հետ զրույցում նկատեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

«Եթե մանուկները հայտնվում են հիվանդանոցում, դրանից վատ էլ ինչ կարող է լինել: Ես չեմ ուզում մանրանալ մասնագիտական հարցերի մեջ, դեպքերը կրկնվում են, և Աստված մի արասցե, էլի են լինելու, բայց մենք համապատասխան արձագանք այդպես էլ չենք տեսնում»:

Թունավորման նոր դեպքեր չկան ,մեզ հետ ձ հետ զրույցում հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Ավելին, մանկապարտեզից դուրս թունավորման որևէ այլ դեպք չի էլ գրանցվել Եղվարդում: Նա նաև հայտնեց, որ հիվանդների թիվը զգալի նվազել է, իսկ ինքնազգացողությունը լավացել: Ինչ վերաբերում է պատճառներին, Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը երեխաների  թունավորումը պայմանավորում է սննդի հիգիենայի կանոնների պահպանման հետ.« Մենք արձագանքեցինք խնդրին շատ արագ ու կազմակերպված: Կարողացանք կանխարգելել թունավորման տարածումն ու կազմակերպեցինք անվճար բուժօգնություն: Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում բնականաբար դեպքը կբացահայտվի»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքը կբացահայտվի և մեղավորներն էլ բնականապար կենթարկվեն պատասխանատվության: Մինչ այդ, սակայն,  փոխնախարարը հիշեցրեց, որ եթե մինչև 2008 թ. նախադպրոցական հաստատություններում սննդի որակի  և հիգիենայի վերահսկողությունը իրականացնում էր Առողջապահության նախարարությունը, ապա 2008 թվականից այդ դերը վերապահված է Գյուղնախարարությանը, որն էլ այս օրերին ակտիվորեն մասնակցում է միջադեպի բացահայտման ընթացքին: Ամենայն հավանականությամբ վերջնական արդյուքների մասին ևս հանրությանը կտեղեկացնի համապատասխան գերատեսչությունը:

Back to top button