
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Աժ ձմեռային նստաշրջանի վերջին քառօրյայի առաջին օրը խորհրդարան է ներկայացել 122 պատգամավոր: Աշխատանքը սկսվեց Բոլրիվիայի հանրապետության ղեկավարին, խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված շնորհակալական խոսքերով: Այդ երկրի խորհրդարանի երկու պալատն էլ ճանաչել է Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը: Փոխարենը Հայաստանի Աժ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել, որ օրակարգ ներառվի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պատրաստած նախագիծը Օսմանյան Կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այս առիթով պատգամավորը պարզաբանումներ պահանջեց Աժ-ի նախագահից:
Զարուհի Փոստանջյանն այս համատեքստում այսօր պահանջեց նաեւ Աժ-ի մեծ օրակարգից ընդհանրապես հանել հայ-թուրքական արձանագրությունները: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանը հարկ համարեց պարզաբանելու,նախագիծը խոցելի էր հատկապես դրսի համար: Աժ-ի փոխնախագահ, ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովը արտահերթ կարգով արձագանքեց նախագծի հեղինակին:
«Օսմանյան կայսրությունում ցեղասպան քաղաքականությունը պետք է դատապարտվի և ես խորհրդակցել եմ թե ասորական և թե հունական համայնքների հետ ու գաղափարն ինքնին ողջունելի է»,-ԱԺ նստաշրջանի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման օրինագծին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խորհրդարանի այսօր մեկնարկած քառօրյան բավական հագեցված է լինելու՝ օրակարգում ունենալով մի շարք կարեւորագույն հարցեր: Դրանցից երկուսը՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծի ու ԵՏՄ-ն Հայաստանի անդամակցելու պայմանագիրի քննարկումն է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց, որ օրակարգում ներառված են նաեւ նոյեմբերի 17-20-ը արտահերթ նիստում քննարկված եւ չքվեարկված նախագծերը:
Իսկ խորհրդարանը քննարկումները սկսեց կիսատ թողած հարցից՝ ոչ իշխանական եռյակի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը քննարկելուց: Օրինագծով խորհրդարանին առաջարկվում է ընդունել որոշման նախագիծ, ըստ որի՝ այս նստաշրջանի ընթացքում նախատեսվում է բարեփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ մասնավորապես՝ անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, սահմանել ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգ, կատարելագործել քվեարկության արդյունքների հաշվառման համակարգը եւ այլն:
Որոշման նախագծի երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկվում է խորհրդարանի խմբակցություններից ձեւավորել աշխատանքային խումբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ նախապատրաստելու եւ Ազգային ժողովին ներկայացնելու համար:




