
Հռոմի պապ Ֆրանցիսկ 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել: Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լռագրողներից մեկը նրան հարց է ուղղել՝ասելով. «Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Այս հարցում ի՞նչ եք մտածում»:
Ի պատասխան այս հարցին Հռոմի պապն ասել է. «Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց: Նախկին վարչապետ Էրդողանը ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ էլ դրական քայլ է: Ես կարող է ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի: Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք, հանուն նրա, որ այս ժողովուրդների միջև փոխհամաձայնություն լինի: Պետք է օգնենք, որ այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի փոքր ժեստերի ու մերձեցմանն ուղղված քայլերի տարի»:




