ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ընդդիմադիրները հրապարակում են նախընտրական ցուցակները, վարչապետը՝ վերլուծում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել ոչ համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով: Մտավախությունները ծագել են առաջիկա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու կառավարող ուժի հավակնություններից։

Քաղաքական դաշտում շրջանառվող վարկածի համաձայն՝ հանրաքվեի տապալման դեպքում նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել խորհրդարանում։ Այս և ներքաղաքական առանցքային իրադարձություններին Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցին ։

Առաջիկա ընտրապայքարի մեջ մտնող քաղաքական երկու միավորները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը, հրապարակել են իրենց նախընտրական ցուցակների առաջին 30 թեկնածուների ցանկը՝ ապահովելով ԸՕ-ի պահանջը։

Երկու ցանկերում էլ անակնկալներ կան։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների, Դաշնակացության և «Առաջ» կուսակցության ձևավորած «Հայաստան» դաշինքում ԱԺ տարբեր գումարումների պատգամավորներն ավանդական անցողիկ տեղերը զիջել են երիտասարդներին։ Օրինակ՝ գործող ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ցուցակում 29-րդն է, իսկ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդհանրապես չի ընդգրկվել դաշինքի ընտրացուցակ։

Որոշումն արտառոց չէ՝ մեկնաբանել է Օհանյանը։

«Ռոբերտ Քոչարյանի հետ ձևավորված դաշինքի հետ եղել եմ, կամ և կլինեմ մինչև վերջ։  Իմ գործընկերների հետ մեր պայքարը շարունակելու ենք: Որոշել եմ իմ տեղը զիջել երիտասարդներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող գումարման  խորհրդարանում տեսել ենք նրանց ակտիվ աշխատանքը: Իսկ մենք մեր գործունեությունը կշարունակենք այլ հարթակներում»։

Ցուցակի առաջին համարը, սակայն, անփոփոխ է նախորդ ընտրություններից ի վեր․ «Հայաստան» դաշինքի ցուցակում առաջինը, նաև վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության  նախընտրական ցուցակի ամենաուշագրավ հորիզոնականը հենց առաջին համարն է։ Տևական ժամանակ վիճարկվում էր ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առաջադրման հնարավորությունը։ Այժմ արդեն հաստատվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է։ Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակված է համարում մինչև Մոսկվա՝ Պուտինի հետ առանձնազրույց հասած հարցը։  

«Հիմա կարծում եմ, այլևս ամբողջ աշխարհը գիտի, որ Ձեր նշած անձը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Թե Հայաստանի Հանրապետությունում դեռ մարդ կա, որի համար պարզ չէ, որ Ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու և հետևաբար վարչապետ, ի՞նչ կարող եմ ասել։ Ես ընդամենը կարող եմ արձանագրել ակնհայտը, որպեսզի նրանց, ում համար դա ակնհայտ չի, դառնա ակնհայտ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում ենթադրում են, որ իրենց վարկանիշն է անհանգստացնում կառավարող ուժին։ Այդ կարծիքին է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի առավոտները սկսում են մեզանով։ Օր օրի մեր կուսակցությունը, մեր դաշինքը էլ ավելի թափ է հավաքում, և պարզ է, որ դա իրենց պետք է ներվայնացնի»։

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքյան տեսանյութով անդրադարձել էր քաղաքական այս ուժի ղեկավարին։ Հայտարարությունը, թերևս, ամենամեծ աղմուկ բարձրացրածներից մեկն էր վերջին շրջանում։

«Ախր ո՞նց չվախենամ։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս «բոմժ»»։

Արդեն կառավարության նիստից հետո՝ ավանդական ճեպազրույցին, Հայաստանի վարչապետը լրագրողներին պարզաբանում էր՝ արդյոք վերոնշյալը ունեզրկման սպառնալիք չէ։

«Եթե զգացել եք, իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես չեմ ասում՝ ես խոստանում եմ։ Ես ասում եմ՝ ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչո՞ւ եմ վախենում։ Որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձն այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է։ Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»։

Քաղաքական ուժերի առճակատումն ու բարեվարքության սահմաններից հաճախ դուրս եկող բանավեճը տպավորություն են ստեղծում, թե կառավարող ուժն ընտրություններից առաջ թիրախավորում է քաղաքական մրցակիցներին։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը բանավեճը ժողովրդավարության անբաժան մաս է համարում, իսկ թիրախավորումն առաջարկում է դիտարկել «հաղորդակից անոթի» տրամաբանության մեջ․

«Քաղաքականությունն ընդհանրապես, հատկապես ժողովրդավարական երկրներում և հատկապես ընտրական շրջանում, նրա մասին է, որ քեզ թիրախավորում են, դու ես թիրախավորում, հետո քեզ են թիրախավորում, հետո դու ես թիրախավորում։ Բայց հակառակն էլ ասենք, այսինքն` մեզ թիրախավորեն, մենք չթիրախավորե՞նք։ Դա քաղաքական գործընթաց է։ Ես բոլոր ուժերին էլ վերաբերվում եմ հարգանքով, ժողովրդավարությանը վերաբերվում եմ հարգանքով, և հիմնականում հարգանքի չափաբաժինը նաև որոշակի կապ ունի նրա հետ, թե ինչքանով են իրենք հարգալից։ Դա հաղորդակից անոթի տրամաբանություն է։ Մենք վակուումում չենք կարող ապրել` ինչքան կլինեն հարգալից, այնքան կստանան հարգանք, ինչքան կլինեն անհարգալից, այնքան կստանան անհարգալից պատասխան։ Իհարկե, շատ ավելի պակաս անհարգալից, քան նրանք են ցուցաբերում»։

Որպես թիրախավորման հարցի շարունակություն վարչապետը պարզաբանում է նաև, թե արդյոք չէին հայտնաբերվի, ասենք, հետախուզման մեջ գտնվող բնապահպանության և ֆինանսների նախկին նախարարները, եթե նրանց մտքով անցներ այս շրջանում քաղաքական հայտ ներկայացնել․

«Ձեր նշած բոլոր, բոլոր անձանց վերաբերյալ կան իրավական գործընթացներ։ Մի մասը գտնվում են հետախուզման մեջ, մի մասով, ինչքան գիտեմ, խափանման միջոց կա ընտրված, մի մասով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներ են տեղի ունենում։ Ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել»։

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերը ոչ միայն թիրախավորում են միմյանց, այլև ահաբեկում են հասարակությանը։ Քաղաքական ուժերն ընտրել են պատերազմի մասին խոսույթը։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն աղետալի պատերազմի մասին են խոսում, եթե հաջորդ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չձևավորեն։ Ընդդիմադիրներն այս խոսույթին արձագանքում են տնտեսական պատերազմի կանխատեսումներով՝ գործող իշխանության վերընտրության դեպքում։ Վարչապետ Փաշինյանն է պարզաբանում, թե որքանով է նորմալ պատերազմը որպես սպառնալիք ներկայացնելը․

«Ժողովրդավարությունը դրա մասին է։ Հանրությունն էլ, ժողովուրդն էլ պետք է լսի այդ ուժերին, տեսնի՝ ում փաստարկներն են իր համար ավելի համոզիչ և գնա քվեարկության։ Բոլոր ընտրություններում ժողովրդավարական երկրներում ամենատարբեր թեմաներ են դրվում քվեարկության։ Երեկ մի տեսարան ինձ ցույց տվեցին, ես այդ տեսարանին, անկեղծ ասած, այս ամենից հետո չհավատացի։ Ձեր նշած քաղաքական ուժի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց ծրագրերը և իրենք, ըստ էության, Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը և շրջակա տարածքները։ Այստեղ էլ ասելու բան չկա։ Եթե մյուս քաղաքական ուժը ասում է` Հայաստանը չպետք է բավարարվի 29 743 քառակուսի կիլոմետրով, ի՞նչ է նշանակում։ Դա անխուսափելի պատերազմ է։ Այստեղ վիճելու բան չկա էլ»։

Քաղաքական դաշտում շրջանառվող մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ սահմանադրական մեծամասնությունն առաջիկա ընտրություններում կառավարող թիմին անհրաժեշտ է նոր Սահմանադրությունը ԱԺ-ում ընդունելու համար։ Սա ներկայացվում է որպես սահմանադրական հանրաքվեի տապալման այլընտրանք։ Վարչապետը վստահեցնում է, որ հարցը նման լուծում չի կարող ունենալ, քանի որ նոր Սահմանադրություն ընդունելու միակ տարբերակը համաժողովրդական հանրաքվեն է։

Կարդացեք նաև

Back to top button