
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիր-Երեւան
Այսօր շահագործման է հանձնվել Արմավիրի քրեակատարողական հիմնարկի վարչական և առաջին բնակելի մասնաշենքերը, որի բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Ջոն Հեֆերը, ԱՄՆ- Վինսկոնսի նահանգի քրեակատարողական դեպարտամենտի պետ Էդվարդ Վոլը: Արմավիրի քրեակատարողական հիմնարկը կառուցվել է եվրոպական չափանիշերին համապատասխան, ունի կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակ, բանտախցերում կան սանհանգույցներ և լոգարաններ: Կառույցի կահավորմանն աջակցել է ԱՄՆ-ի դեսպանատունը:
Արմավիրի քրեակատարողական հիմնարկը նախատեսված է փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար, որտեղ առաջիկայում կտեղափոխվի 400 դատապարտյալ: Սա միայն առաջին բնակելի մասնաշենքի համար, որն արդեն շահագործման է հանձնվել: Կառույցն ունի 48 խուց, որից յուրաքանչյուրը նախատեսված է 4 բանտարկյալի համար՝ 16-17 քմ ընդհանուր տարածքով: Խցերից յուրաքանչյուրը կահավորված է, խցում կա լոգարան և սանհանգույց: Հայաստանում գործող 11 քրեակատարողական հիմնարկները նախորդ դարասկզբի կառույցներ են, ներկայում գերծանրաբեռնված են և հիմնականում գտնվում են անմխիթար վիճակում, որտեղ պատիժն է կրում շուրջ 3893 մարդ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ երկրում անհրաժեշտություն էր դարձել մաջազգային չափանիշերին համապատասխան պատժիչ նոր հիմնարկի կառուցումը:
Արմավիրի հիմնարկը կրելու է համակարգի ծանրաբեռնվածության 25 տոկոսը: Այստեղ բանտարկյալները կարող են երկարատև և կարճատև տեսակցել իրենց ընտանիքի անդամների հետ, որտեղ կան բարեկարգ ու նպաստավոր պայմաններ գիշերակացի համար: Երեխաների համար նախատեսված է նաև խաղասենյակ:
Արմավիրի քրեակատարողական հիմնարկում կգործի 120 դատապարտյալի համար ստացիոնար բուժման հիվանդանոց՝ 2 վիարահատարանով և 4 հետվիրահատական սենյակով: Հիվանդանոցը նախատեսվում է հագեցնել բժշկական նորագույն սարքավորումներով, այդ նպատակով բանակցություններ են տարվում Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի հետ: Քրեկատարողական հիմնարկներում առաջիկայում նախատեսվում է լուծել դատապարտյալների զբաղվածության խնդիրը: Արմավիրի քրեկատարողական հիմնարկում ցուցադրվել էին նրանց ձեռքի աշխատանքները, այդ թվում նաև կանանց և երեխաների: Ինֆորմացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների, գրասենյակային տեխնիկայի և անվտանգության ապահովման որոշակի սարքերի ներդրմամբ աջակցել է ԱՄՆ-ի դեսպանատունը: ՀՀ-ու ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարևորեց արդարադատության ոլորտի բարեփոխումները:
ԱՄՆ-ի Վինսկոնսի նահանգի քրեակատարողական դեպարտամենտի պետ Էդվարդ Վոլը կարևորեց համագործակցությունը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ, հանդես գալով փորձի փոխանակմամբ:
Արմավիրի քրեակատարողական հիմնարկի նոր բնակիչները շուտով կտեղափոխվեն այն հիմնարկներից, որոնք գերծանրաբեռնված են, իսկ դատապարտյալների ընռրությունը կկատարվի ծառայության ղեկավարության հայեցողությամբ: Արմավիրում ծառայության են անցնելու 200-ից ավելի ծառայողներ: Երկրորդ մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թվականին:




