ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ինչ էր ակնկալում ՀՀ-ն ՀԱՊԿ-ից, ու ինչպես է մեկնաբանում դա Մոսկվան․ մոտեցումներն իրարամերժ են

Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են մեկնաբանում ՀԱՊԿ լիազորությունները կառույցի ազդեցության գոտում։ Պաշտոնական Երևանը համարում է, որ կառույցը չի իրականացրել իր դաշնակցային պարտավորությունները, երբ դա խիստ անհրաժեշտ էր Հայաստանին ադրբեջանական ներխուժման ժամանակ։

Դա է պատճառը, որ Հայաստանը 2024-ից սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը և չի մասնակցել 2024-ի և 2025-ի բյուջեների ձևավորմանը,  ՀԱՊԿ գագաթնաժողովներին, նիստերին և զորավարժություններին:

ՀԱՊԿ-ի թեմային անդրադարձ եղել է Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի վերջին հանդիպմանը ևս, երբ Պուտինը ՀԱՊԿ-ից ակնկալվող քայլերը դիտարկել էր բացառապես ԼՂ խնդրի համատեքստում։ Հանդիպումից հետո փորձագիտական դաշտում կրկին նկատել են իրարամերժ մոտեցումներ։

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման  օրակարգային թեմաներից էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններն ու խնդիրները։ Դրանք շարունակում են քննարկվել ու բուռն դեբատի թեմա են դարձել։

ՌԴ նախագահը մոսկովյան վերջին հանդիպմանը շեշտեց, որ նշված հարցերին տարբեր քննարկումներում անդրադարձել են և միշտ անդրադառնալու են։ Խիստ ուշագրավ է, սակայն, որ Պուտինը Հայաստանի դժգոհությունը կառույցից ուղղակիորեն կապում է ԼՂ խնդրի հետ։  

«Մենք գիտենք, որ թե՛ Ձեր, թե՛ Ձեր գործընկերների մոտ առաջացել են և մինչ օրս առաջանում են հարցեր և որոշակի դժգոհություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Մենք մշտապես վերադառնում ենք այս հարցին։ Բայց կարծում եմ՝ նաև ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ Դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր»։

Հայաստանի վարչապետը Մոսկվայում հիշեցրեց, որ 2022 թվականին եղել է կոնկրետ իրավիճակ, որի դեպքում ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին։

Եթե դիմենք վիճակագրությանը, ապա կարող ենք խոսել կոնկրետ մի քանի իրավիճակի մասին, երբ Երևանը ՀԱՊԿ-ի ուղիղ աջակցությունն ակնկալում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի ինքնիշխան տարածքին առնչվող խնդիրների դեպքում։

2021թ. մայիսին և նոյեմբերին ադրբեջանական զինուժի ներխուժումները ՀՀ սուվերեն տարածք ՀԱՊԿ-ը որակեց «սահմանային միջադեպ» և գործի չդրեց փոխօգնության մեխանիզմները, որոնք Հայաստանում ակնկալվում էին ու որոնք հուսալի են թվացել համենայն դեպս բարձր մակարդակի ամենատարբեր հայտարարություններ հիմք ընդունելով։

2022թ. սեպտեմբերին գրանցվեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի վրա  մի քանի ուղղությամբ։ Սա դարձավ շրջադարձային ոչ միայն ռազմական, այլև քաղաքական առումով։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանափակվեց դիտորդական առաքելություն ուղարկելով և չկիրառեց պայմանագրով նախատեսված համատեղ պաշտպանության մեխանիզմները։

Կազմակերպության կողմից բացակայում էր նաև հստակ հասցեական քաղաքական գնահատականը, ինչը Հայաստանում առաջացրեց անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ լուրջ կասկածներ։ Պաշտոնական Երևանի գնահատմամբ՝ այս և նախորդ ներխուժումների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետր հատված։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հստակ ընդգծում է մոսկովյան քննարկման ընթացքում հնչած հակասությունը։  

«Վերջին հաշվով, երբ ՀԱՊԿ-ը պետք է հանդես գար, ինքը կա՞ր։ Մոսկվայում քննարկումների ժամանակ ՀԱՊԿ-ի հետ կապված ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արվում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ։ Բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ, չարեց։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ, և մենք երկու, թե երեք անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար մեզ համար չի հանդիսացել։ Կանոնակարգային պարտավորություններ կային»։   

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ի անգործության առնչությամբ դժգոհություններ են հնչել նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտից։ Մասնավորապես, իր ռուսամետ դիրքորոշումով հայտնի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անգամ հստակ արտահայտվել է այս հարցով․

«ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն։ Հիասթափությունս գալիս է հետևյալից` իրականում ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ։ Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ի՞նչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք ՀԱՊԿ-ի հետ, հակառակը` արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը չստեղծվի։ Մենք պետք է ՀԱՊԿ-ին դիտենք հետևյալ կերպՀԱՊԿ-ը՝ ինքը իրենով, առանց Ռուսաստանի ի՞նչ է իրենից ներկայացնում, ոչինչ։ ՀԱՊԿ-ին նայենք որպես ռուսաստանակենտրոն մի կառույց, և մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռացեք Լուկաշենկոյին, մոռացեք, թե ինչ-որ մեկը ինչ է ասել, կամ այն մյուսը ինչ է արել»։    

Ընդդիմության կարծիքով՝ ճիշտ չէ ՀԱՊԿ-ի պատճառով հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ։

Ամեն դեպքում, մոսկովյան վերջին այցի ժամանակ Հայաստանի վարչապետը պնդեց՝ Հայաստանի իշխանությունը չի կարող ժողովրդին բացատրել, թե ինչու կառույցը չարձագանքեց՝ հակառակ ՀԱՊԿ-ի՝ սեփական կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների։  

Այս թեմայով Հայաստան-Ռուսաստան հեռակա բանավեճի ժամանակ նաև դիտարկումներ էին հնչում, թե ՀԱՊԿ-ում չգիտեն Հայաստանի կոնկրետ սահմանները։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը, հղում անելով Ալմա Աթայի հռչակագրին և Պրահայում կայացված որոշումներին, պնդում է, որ ամեն ինչ ավելի քան պարզ է․ անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները համարժեք են խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի տարածքներին։

Այս խոսակցություններին զուգահեռ Վլադիմիր Պուտինը առիթներ ունեցել է իր համոզմունքը փոխանցելու, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանը երբեք իրեն միայնակ և լքված չզգա։  

Որքանո՞վ են Հայաստանում կիսում այս համոզմունքը․ թե քաղաքական, թե հասարակական շրջանակներում հակադիր տարատեսակ հայտարարություններ ու հիմնավորումներ են հնչում։  Բայց ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը մտահոգում է նաև դրա մյուս անդամներին։  Անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հայտարարությունները երբեմն գնահատվում են չհավասարակշռված ու անզուսպ, և որոնք, ի դեպ, իրենց հերթին ազդեցին ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման վրա, ընդունում է, որ սխալ իրավիճակ է ստեղծվել։ Իսկ ավելի վաղ նա խոսում էր դժվար ընտրության մասին․

«Հարցը շատ զգայուն է և նուրբ։ Սա այն չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն է և մենք՝ ՀԱՊԿ անդամներս, իսկ մյուս կողմից Ադրբեջանն է։ Բայց Ադրբեջանը այստեղ ներկա պետությունների ղեկավարների համար ինչ-որ թշնամի կամ հակառակո՞րդ է։ Իհարկե, ոչ»։  

Այս միտքը Լուկաշենկոն արտահայտել էր ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հավաքներից մեկի ժամանակ՝ անցյալ տարի։ Իսկ ահա նախօրեին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Լուկաշենկոն հանդիպել էր Մինսկում, արդեն այլ ձևակերպումներ է արել։ Ըստ Լուկաշենկոյի՝ ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Մեջբերում նրա խոսքից․

«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ: Պետք է լինել շատ կոռեկտ։ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք»։

Հայաստանի վերլուծական դաշտում արդեն հնչել է տեսակետ, որ որևէ երկիր այդ կառույցից չի կարող հեռացնել մեկ այլ երկրի։ Սա նշանակում է, որ Հայաստանին պայմաններ և ժամկետներ առաջադրելու դեպքում կառույցի ներսում կարող են այլ խնդիրներ առաջանալ, եթե Հայաստանը սկսի բոյկոտել և չընդունել կառույցի կայացրած որոշումները։ Մյուս կողմից,  Հայաստանը դեռ չի շտապում վերջնականացնել կառույցից դուրս գալը, թեև պաշտոնապես կառույցի աշխատանքներին վերամիացումն անիրատեսական է համարվել։

Կարդացեք նաև

Back to top button