Իրանում բնակվող հայ քրիստոնյաները Զատիկը կիրակի օրը նշել են երկրի մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում՝ փորձելով պահպանել բնական կյանքի զգացողությունը պատերազմն սկսվելուց հինգ շաբաթ անց, հաղորդում է Associated Press-ը։
Թեհրանի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս մայր տաճարում հավատացյալները գրկախառնվում էին, իսկ երեխաները փոխանակում էին [կռվացնում էին] ներկված ձվերը, նկատել է գործակալության թղթակիցը։ Փետրվարի 28-ից՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատրեազմ սկսելուց հետո մայրաքաղաքն ամեն օր ռմբակոծությունների տակ է։
Անգլերենի ուսուցչուհի Ջոանիտա Առաքելը AP հետ զրույցում նշել է, որ փորձում է պահպանել բնական կյանքի զգացողությունը՝ հանուն իր երեխաների։
Թեհրանի Հայոց Սուրբ Սարգիս Մայր տաճարի հովիվ՝ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը գործակալությանն ասել է, որ իր կոչը «նախեւառաջ ուղղված է պատերազմն սկսողներին, որպեսզի նրանք նայեն երկինք, որտեղից մեզ է տրված սերն ու փոխադարձ հարգանքը թե Հիսուսի Ծննդյան, թե Հարության միջոցով»։
Մոտ 90 միլիոն բնակչություն ունեցող Իսլամական Հանրապետությունում ապրում է շուրջ 300 հազար քրիստոնյա, հիմնականում հայեր։ Խորհրդարանում երեք տեղ նախատեսված է քրիստոնյաների համար, Թեհրանից իր ռեպորտաժն այսպես է ավարտել Associated Press-ը։




