
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել ավտոբուսների համակարգի ֆինանսական հաշվարկները։
Քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն ընթացիկ տարվա ծախսերի ամբողջական պատկերը, այլ նաև պարզաբանել, թե ինչի համար են պահանջվում հավելյալ ֆինանսական միջոցներ և արդյոք առկա են սխալ հաշվարկներ։
Ավինյանը նաև անդրադարձել է ավտոբուսների սպասարկման և անսարքության խնդրին՝ ընդգծելով, որ համակարգում առկա թերությունները պետք է հստակ գնահատվեն և ներկայացվեն հիմնավորված տվյալներով։
Առանձնահատուկ շեշտադրում է արվել նաև վարորդների մասնակցության վրա։ Քաղաքապետը նշել է, որ անընդունելի է գումարների հավաքագրման գործընթացում վարորդների ներգրավված չլինելու հանգամանքը:
«Չի կարող լինել իրավիճակ, երբ վարորդները ստանում են համապատասխան վճարում, բայց որևէ կերպ չեն մասնակցում գործընթացներին։ Հավաքագրումից կախված են նաև արտաժամյա վճարումները»,- նշել է Ավինյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը վարորդների մեղքը չէ, այլ կառավարման մոտեցման հետևանք է, որը պետք է փոխվի։
Քաղաքապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ապահովել հստակ արդյունքներ և ներկայացնել կատարված աշխատանքի գնահատականը։




