Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մարզիկների համեստ արդյունքը
Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Լիմասոլում ավարտին է մոտենում ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հին աշխարհամասի այս կարևորագույն ստուգատեսում երեկ ի հայտ եկավ հայկական ազգանվամբ 2-րդ չեմպիոնուհին:
Մինչև 23 տարեկանների պայքարում հավասարը չուներ Ուկրաինան ներկայացնող 69 կգ քաշային Մարիա Խլյանը, ով երկամարտի 217 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Երեկ երեկոյան մինչև 20 տարեկանների պայքարում ասպարեզ ելան նաև Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը, Մկրտիչ Մկրտչյանը և Գարուշ Ղուկասյանը, բայց նրանց արդյունքները անհամեմատ համեստ էին: 75 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթև Հակոբյանը երկամարտի 201 կգ արդյունքով 5-րդ էր,: Նույն 5-րդ հորիզոնականը գրավեց 94 կգ քաշային կարգում հանդես եկող Մկրտիչ Մկրտչյանը, ով երկամարտում ցույց տվեց 346 կգ արդյունք: Գարուշ Ղուկասյանը նույն քաշային կարգում ընդհանուր հաշվարկում 8-րդն էր:
Այսօր ՝ մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից մրցահարթակ դուրս կգա 1-ին պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, որը հանդես է գալու 20 տարեկանների խմբի՝ 105 կգ քաշային կարգում:
Ի դեպ՝ Սիմոնից մենք չեմպիոնական ակնկալիքներ ունենք: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։