Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

ՀՀԿ 18-րդ համագումարում Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչու չեն մասնակցելու ընտրություններին

լրացված

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 18-րդ համագումարում նշել է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը կուսակցության «մի մասի սրտով չէ»։

«Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ չորս տոկոսի շեմը։ Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից։ Վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին՝ ՀՀԿ-ն քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իրենց կողմից պիտակավորվող նախկինները խանգարում են իշխանափոխություն անել»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստանը չպետք է վերածվի «ո՛չ հաճախորդ պետության, ո՛չ մակաբույծ պետության, ո՛չ էլ էթնոգրաֆիկ թանգարանի»՝ շեշտելով ինքնիշխանության պահպանման կարևորությունը։

Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը մինչև ընտրությունները կկենտրոնանա քաղաքացիների մասնակցությունը խթանելու վրա։

Կուսակցությունը նախատեսում է իրականացնել քարոզչական արշավներ, հանդիպումներ և տարբեր նախաձեռնություններ՝ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու կոչով։

Սարգսյանը նշել է, որ իրենց համար առաջնահերթ է իշխանափոխությունը, այլ ոչ թե խորհրդարանում սահմանափակ ներկայացվածություն ունենալը։

Ելույթում նա անդրադարձել է նաև իշխանությունների գործունեությանը՝ պնդելով, որ պատերազմից հետո երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և շարունակվում են անվտանգային սպառնալիքները։

Նա շեշտել է, որ իրենց քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի ոչ թե անձնական շահերի, այլ ազգային նպատակների վրա՝ նշելով, որ կուսակցությունը գործելու է «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով։

Համագումարում Սերժ Սարգսյանը 438 կողմ, 3 դեմ ձայնով վերընտրվել է կուսակցության նախագահ: 

Կարդացեք նաև

Back to top button