ՄիջազգայինՌեպորտաժներ

Պատերազմ, որը «ավարտվում է», բայց դեռ «չի սկսվել»․ Վաշինգտոնը սպառնում է, Թեհրանը՝ հեգնում

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտությունը թեժանում է ոչ միայն ռազմաճակատում, այլև՝ հայտարարությունների դաշտում։ Վերջին օրերին հնչող հայտարարությունները երբեմն ավելի կոշտ են, երբեմն՝ տարօրինակ ավելի, քան ռազմական գործողությունները։ Հայտարարություններ, որոնք բացահայտում են կողմերի իրական մտադրությունները, վախերն ու հաշվարկները։

Վաշինգտոնից հնչում են ուղերձներ՝ ուժի և վերջնական հարվածի, անգամ՝ արդեն գրանցած հաղթանակի մասին։ Թեհրանը պատասխանում է սարկազմով ու մարտահրավերով, իսկ եվրոպացիները զգուշացնում են հնարավոր երկարատև և վտանգավոր հետևանքների մասին՝ Թրամփին ակնարկելով՝ «ինքդ սկսել ես, ինքդ էլ ավարտիր» տրամաբանությամբ։

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտությունը մտել է ոչ միայն ռազմական, այլև ձևակերպումների ամենակոշտ փուլ։ Թրամփն ասում է՝ մենք դեռ չենք սկսել կործանել, Նեթանյահուն ասում է՝ մեր նպատակը սպառնալիքը վերացնելն է, իսկ Իրանի պատասխանը սարկազմն ու զսպված բարկությունն է։

Վերջին օրերին հնչող հայտարարությունները երբեմն ավելի հարվածային են, քան գետնի վրա բուն պատերազմի մասին լուրերը։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի է սրել հռետորաբանությունը՝ գրելով․

«ԱՄՆ զինված ուժերը՝ աշխարհում ամենամասշտաբայինն ու հզորը, նույնիսկ չեն սկսել կործանել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, հետո՝ էլեկտրակայանները։ Նոր վարչակարգի ղեկավարությունը գիտի, թե ինչ է պետք անել, և դա պետք է անել արագ»։

Մեկ այլ ուղերձում Թրամփը փորձեց ներկայացնել իրավիճակը որպես վերահսկելի․

«Մենք վճռական քայլեր ենք ձեռնարկել Իրանի դեմ, և այսօր կարող եմ ասել՝ պատերազմը մոտենում է ավարտին, իսկ Միացյալ Նահանգները հասել է իր առջև դրված հիմնական ռազմական նպատակներին»։

Թե որոնք են, ի վերջո, այդ նպատակները՝ Թրամփի հայտարարություններից առանձնապես հասկանալի չէ, քանի որ  ԱՄՆ առաջնորդը պատերազմի տարբեր փուլերում տարբեր նպատակների մասին է հայտարարել։ Բանակցություններ են ընթանում՝ հայտարարում է Թրամփը, նման բան չկա՝ հերքում է Իրանը։ Նախագահ Թրամփը Իրանին քարի դար վերադարձնելու մասին հայտարարեց, Թեհրանը մի քանի հազար տարվա պատմությունն է վկայակոչում՝ հեգնելով ԱՄՆ նախագահին։     

Հայտարարությունների մակարդակում էլ Թեհրանը ոչ միայն մերժում է ԱՄՆ հնչեցրած մոտեցումներն ու առաջարկները, նաև՝ սպառնալիքները, այլև անցնում է հակահարձակման։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, օրինակ, Թրամփի վերջին սպառնալիքներին արձագանքել է այսպիսի հեգնախառը գրառմամբ.

«Ներկայի և քարի դարի միջև կա մի ակնառու տարբերություն. այն ժամանակ Մերձավոր Արևելքում նավթ կամ գազ չէին արդյունահանում: Արդյոք ԱՄՆ նախագահը և նրան իշխանության բերած ամերիկացիները վստա՞հ են, որ ցանկանում են հետ շրջել ժամանակի անիվը»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ իր հերթին փորձել է տարանջատել ժողովուրդներին քաղաքականությունից՝ ընդգծելով․

«Իրանցի ժողովուրդը թշնամանք չունի ամերիկացիների նկատմամբմեր մոտեցումը քաղաքական որոշումների և ագրեսիվ գործողությունների դեմ է, ոչ թե ժողովուրդների միջև հարաբերությունների»։

Իսրայելական կողմի ուշագրավ հայտարարություններից են գնահատականները, թե ռազմական գործողությունները նախաձեռնել է ԱՄՆ-ը, իսկ Իսրայելը միացել է՝ ելնելով իր ազգային անվտանգության կենսական շահերից։ Նման հայտարարություն է, օրինակ, ուղիղ եթերում արել Մումբայում Իսրայելի հյուպատոս Յանիվ Ռևախը։

ԱՄՆ/իսրայելական կողմից հնչած և օդում մնացած հայտարարություններից են նաև հատկապես պատերազմի առաջին օրերին հաճախ հնչած կոչերն՝ ուղղված իրանցիներին, թե ինչպես ձևակերպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն.

«Մեր հարվածների նպատակն է վերացնել Իրանի ռեժիմի ներկայացրած գոյաբանական սպառնալիքը, և մեր համատեղ գործողությունները կստեղծեն պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը վերցնի իր ճակատագիրը իր ձեռքը»։

Մինչ հակամարտության հիմնական կողմերը փոխանակվում են կոշտ հայտարարություններով, եվրոպական գնահատականները զգուշավոր են, բայց ոչ պակաս տագնապալի։ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Ադդադը նշել է․

«Ես բյուրեղյա գունդ չունեմ, բայց պետք է պատրաստվել երկարատև պատերազմի, որը կունենա հեռուն գնացող հետևանքներ։ Այս հակամարտությունը շարունակվում է արդեն մեկ ամիս, և այսօր դրանից դուրս գալու ելքեր չեն նշմարվում»։

Ուշագրավ են նաև Եվրոպայից օգնություն պահանջելու Թրամփի հայտարարություններն ու դրանց ի պատասխան եվրոպական երկրներից հնչող պատասխանները։ Քննադատելով Վաշինգտոնի մոտեցումները՝ իր հայտարարությամբ եվրոպական պատասխանն ամբողջացրել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Ադդադը.

«Դուք չեք կարող ստեղծել խնդիրը, իսկ հետո ստիպել ուրիշներին՝ լուծել այն»։

Այսպիսով, Մերձավոր Արևելքում ԱՄՆ/Իսրայելի կողմից պայթեցրած հակամարտությունը շարունակում է սրվել ու խորանալ երեք ճակատում միաժամանակ՝ ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական։ Վաշինգտոնը խոսում է ուժի ու ավարտի մասին, Թեհրանը՝ դիմադրության ու արժանապատվության, իսկ եվրոպացիները՝ երկարատև և վտանգավոր հետևանքների։ Եվ որքան սրվում են հարվածները գետնի վրա, այնքան ավելի կոշտ են դառնում հայտարարություններն օդում։

Իսկ ահա Time ամսագիրը հերթական համարի շապիկին զետեղել է Թրամփի նկարը՝ քարտեզը ձեռքին՝ ինչ որ բան փնտրելիս. «Որտե՞ղ է ելքը: Թրամփը փնտրում է Իրանի հետ պատերազմից դուրս գալու միջոցը» գրառմամբ։

Կարդացեք նաև

Back to top button