ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Զենքի ապօրինի շրջանառության 66 տոկոս աճ՝ 4 տարում․ ՆԳՆ-ի պատասխանը՝ «Ռադիոլուր»-ին

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության և հրազենի գործադրմամբ հանցագործությունների քանակը վերջին հինգ տարիներին ավելացել է։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ գործոններ են ազդում հանցագործությունների աճին։ Հոգեբաններն ասում են, որ պատերազմներից հետո հասարակությունները կարող են հայտնվել հետտրավմատիկ այնպիսի վիճակում, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ։

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության վերջին տարիների դինամիկան մտահոգիչ է։ Ըստ վիճակագրության, 2021 թվականից ի վեր զենքի ապօրինի շրջանառությունն աճել է շուրջ 66 %-ով։ «Ռադիոլուր»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, եթե 2021-ին ՀՀ-ում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 714 դեպք, ապա արդեն 2025-ին այդ թիվը գրեթե կրկնակի ավելի է՝ 1185։

2021 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 714, 2022-ին՝ 887, 2023-ին՝ 1179, 2024-ին՝ 941, իսկ 2025 թվականին՝ 1185 դեպք։

Ուշագրավ է, որ 2024 թվականին զենքի ապօրինի շրջանառության ցուցանիշը նվազել է շուրջ 20 %-ով՝ կազմելով 941 դեպք։ Սակայն անկումը կարճատև է եղել. արդեն 2025 թվականին իրավիճակը կրկին սրվել է։ Գրանցվել է 25.9% աճ 2024-ի նկատմամբ՝ գերազանցելով անգամ 2023-ի բարձր ցուցանիշը։

ՆԳՆ-ի պատասխանում կարևորվում է այդ բնույթի հանցագործությունների դեմ պայքարը․

«Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՀՀ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից է, որն ուղղված է հասարակական կարգի պահպանմանը, զենքի ապօրինի տարածման կանխմանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»,-ասված է պաշտոնական պատասխանում։

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2021-2025-ին հրազենի գործադրմամբ հանցագործությունները ավելացել են մոտ 145.6%-ով:  Վերջին շրջանում հասարակությունը ականատես է լինում այդ թվերի արտացոլմանը իրական կյանքում։  

Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում հնչած կրակոցներից տուժած յոթ մարդ էր տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել էր, մյուսների վիճակն Առողջապահության նախարարությունը գնահատել էր ծանր կամ ծայրահեղ ծանր։

Աջափնյակի դեպքից շուրջ մեկ ամիս առաջ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել էր, որ 2025-ին մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 23 %-ով, իսկ զենք-զինամթերքի առգրավումն աճել է 42 %-ով։

«Եթե մենք ունենք կարևորագույն խումբ հանցագործությունների նվազումներ, դա չի կարող վատ լինել, դա դրական արդյունք է, որը վկայում է, իմ դեպքում գոնե թե, Ներքին գործերի նախարարության համակարգի ավելի արդյունավետ, ես չեմ ասում 100 %-անոց արդյունավետ, ավելի արդյունավետ աշխատանքի մասին 2025 թվականի կտրվածքով»։

Նախարարն ընդունել էր, որ կանխարգելման ուղղությամբ անելիք կա՝ կարևորելով հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը։ Սարգսյանն օրինակ էր բերել։

«Մենք ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով սպանություն է կատարել, ի՞նչ անենք, խոհանոցային բոլոր դանակները հավաքե՞նք, արգելե՞նք խոհանոցային դանակների օգտագործումը»։

«Ռադիոլուր»-ը զենքի կիրառությամբ հանցագործությունների աճը քննարկել է հոգեբան Անի Ապիտոնյանի հետ՝ հանրային հոգեբանության տեսանկյունից։ Մասնագետը բացատրում է, որ պատերազմներից հետո հասարակությունները հաճախ հետտրավմատիկ իրավիճակներում են հայտնվում, որոնք տարբեր դրսևորումներ կարող են ունենալ։

«Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունում նվազեն այն հետևանքները, որոնք բերում է պատերազմը, պետական աջակցություն է պետք հասարակությանը։ Այս դեպքում այս ամեն ինչի նվազում կլինի, բայց եթե դա տեղի չի ունենում, տեղի է ունենում այս ամեն ինչի էսկալացիայի, և բնական է, որ նաև կարող է հանցագործությունների թվի աճ տեղի ունենալ»։

Անի Ապիտոնյանն նաև հասարակության շրջանում սոցիալական վերահսկողության թուլացում է նկատում։ Եթե նախկինում սպանության կամ վիճաբանության դեպքերը  հասարակական վայրերից հեռու էին, հատուկ ընտրված ամայի տարածքներում, ապա հիմա դրանց անգամ բակերում կարող ես ականատես լինել։

Վերջին հինգ տարվա վիճակագրությայն հիմքով ՆԳՆ-ից «Ռադիոլուր»-ին ի պատասխան նշում են, որ իրենց առաջարկով փոփոխություններ են կատարվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում։ Խստացվել է զենքով պարգևատրելու կարգը։ Նախատեսվում է շրջանառությունից հանել որպես պարգև տրված այն զինատեսակները, որոնք  տրամադրվել են օրենքի խախտումներով կամ անհիմն։

Նոր կարգավորումներով վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև 16-18 տարեկան անչափահասների համար, եթե նրանց մոտ հայտնաբերվեն սառը զենք հիշեցնող արտաքին ունեցող առարկաներ՝ անկախ դրանց կենցաղային, ուսումնական կամ այլ նշանակությունից։

Կարդացեք նաև

Back to top button