Հասարակություն

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկը՝ դժգոհությունների թեմա

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Քաղաքացու անհատական տվյալներին վերաբերող համակարգում պետությունն անընդհատ կատարում է ինչ որ փոփոխություններ: Համակարգի մասին առաջին որոշումը դեռեւս 98 թվականին էր, երբ սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգի մասին օրենք ընդունվեց: Անուհետեւ 2003 թվականին ընդունվեց սոցիալական քարտի մասին օրենքը, 2011-ին էլ՝ հանրային ծառայության համարանիշի մասին օրենքը: Այժմ Կառավարությունը կրկին դիմել է Աժ-ին «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկով: Սա որոշակի դժգոհություններ է առաջացրել եւ դարձել խորհրդարանական լսումների թեմա:  

 

 

Երբ հասարակության մի զգալի հատվածը դժգոհում էր եւ չէր ցանկանում անցնել սոցիալական քարտերի կամ հանրային անհատական համարանիշի համակարգի, կառավարության ներկայացուցիչները հիմնավորում էին, թե փոփոխությունները նվազեցնելու են կոռուպցիան՝ տարբեր գործարքների ժամանակ պահանջվող փաստաթղթերի դեպքում:

Այս համակարգի պատճառով այսօր արդեն լուրջ խնդիրների առաջ են կանգնել համայնքային իշխանությունները եւ կառավարևությունն արդեն պատրաստ է որոշակի փոփոխություններ անել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում: Հարցն իսկզբանե նախաձեռնել է Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացմամբ՝ խնդիրն առաջացել է, երբ օրենքի պահանջի համաձայն առեւտրային բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները հրաժարվեցին առանց հանրային ծառայությունների համարանիշի ներկայացման քաղաքացիներից ընդունել հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումները: Ինչ խնդիրներ է ունեցել քաղաքապետարանը:

«Այն եկամտատեսակները, որոնց դեպքում համայնքային բազաներում հաշվառված է շինության սեփականատիրոջ տվյալները, սակայն օրենսդրությամբ վճարող կարող են հանդիսանալ օգտագործողները, իսկ նրանք հայտնի պատճառներով չեն կարող ներկայացնել սեփականատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը: Նույն իրավիճակն է լիազորագրերի հիման վրա վաճառված ավտոմեքենաների գույքահարկի եւ ավտոկայանատեղի տուրքի վճարման դեպքերում: Այս դեպքերից է նաեւ սեփականատիրոջ մահվան եւ ժառանգությունը փաստացի ընդունած անձի կողմից կատարվող վճարումները, որն անհնար է իրականացնել մահացածի հանրային ծառայությունների համարանիշի հիման վրա: Քաղաքից բացակայող անձանց փոխարեն այլ անձինք կատարում են նրանց հարկային պարտավորությունները, իսկ համարանիշի ներկայացման պահանջը խնդիրներ է առաջացնում նաեւ նրանց համար»:

Պատկերավոր ասած՝ խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է: Օրինակ՝ ավատոմեքենաների գույքային բազայում շուրջ 200 հազար մեքենա է հաշվառված, երբ փաստացի օգտագործողները եւ սեփականատերերը տարբեր են: Ի դեպ՝ ընդամենը մեկ օր է տեւել, երբ բանկերը ոչ մի վճարում չեն ընդունել, վերոնշյալ խնդիրների պատճռով:

Կանխելով հետագա հարցերը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների պետի տեղակալ Մնացական Բիչախչյանը հայտարարեց. համարանիշերի կիրառումից ընդհանրապես հրաժարվել չենք կարող:

«Սա պետության անվտանգության տեսանկյունից կարեւոր բաղադիչ է: Ներմուծելով հանրային ծառայությունների համարանիշը բերում անձի անձնագրային տվյալները, անձի մասին ցանկացած տեղեկատվություն»:

Խնդրի լուծումն, ըստ Կառավարության հետեւյալն է. Աժ-ին առաջարկում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացումներ կատարել, ինչով հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չի տարածվի համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա: Փոփոխությունը, սակայն, մեկ տարվա ուժ ունի՝ մինչեւ մտցվեն այլ կարգավորումներ:

Back to top button