
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ինքը հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ, սակայն նա հրաժարվել է դրանք բանակցություններ անվանել։
«Ես հաղորդագրություններ եմ ստանում անմիջապես Ուիթքոֆից, ինչպես նախկինում, բայց դա չի նշանակում, որ մենք բանակցություններ ենք վարում։ Դրանք բանակցություններ չեն. այլ պարզապես հաղորդագրություններ են, որոնք փոխանակվում են ուղղակիորեն կամ տարածաշրջանի մեր ընկերների միջոցով», — ասել է Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Արտգործնախարարը նշել է, որ Իրանը դեռևս ԱՄՆ-ին պաշտոնական պատասխան չի ուղարկել հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրի վերաբերյալ և որևէ առաջարկ չի արել։
Արաղչին նշել է, որ Իրանը ձեռնարկել է բոլոր միջոցները՝ Հորմուզի նեղուցով բարեկամական նավերի անվտանգ անցումն ապահովելու համար , որը փակ է մնում թշնամիների համար։ Իրանը պատրաստ է ցանկացած ցամաքային գործողության, բայց հույս ունի, որ «թշնամիները սխալ հաշվարկներ չեն կատարի»։




