
ԱՄՆ-ն Իրանի պատերազմից հետո կվերանայի հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ՆԱՏՕ-ն կարևոր է, քանի որ Վաշինգտոնին հնարավորություն է տալիս զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Սակայն, եթե հարձակման դեպքում՝ ԱՄՆ պարագայում, դաշինքի դերը Եվրոպայի պաշտպանությունն է, և դրան զուգահեռ՝ Վաշինգտոնին մերժում են բազաներ տրամադրել, երբ դրանց անհրաժեշտությունը կա, ապա դա լավ համաձայնագիր չէ, ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չպետք է լինի «միակողմանի երթևեկությամբ փողոց»։ «Հուսանք, որ մենք կկարողանանք լուծել այս խնդիրը»,- նրա խոսքերը մեջբերել է dpa լրատվական գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Ռուբիոն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Իսպանիայի վարքագիծը անվանել է «շատ հիասթափեցնող»։ «Այս ձևաչափում դժվար է մնալ և ասել, որ այն օգուտ է բերում Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, այս ամենը պետք է վերանայվի», — ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելի վաղ՝ մարտի 27-ին, The Telegraph-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է որոշումների կայացման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամներին քվեարկելու իրավունքից զրկելու հարցը, եթե նրանք չկարողանան պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի: «Յուրաքանչյուր երկիր, որը չի կատարի 5%- ի թիրախին հասնելու պարտավորությունը, ՆԱՏՕ-ի ապագա ծախսերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս չպետք է ձայն ունենա», — թերթին ասել է ԱՄՆ վարչակազմի աղբյուրը։
Հյուսիսատլանտյան դաշինքում որոշումների կայացումը պահանջում է կոնսենսուս: Թերթը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, հավանաբար, կարգելափակեն Թրամփի առաջարկած ցանկացած փոփոխություն, ինչը կհանգեցնի նրա հետ նոր հակասության։
Մարտի կեսերին Թրամփը կոչ էր արել Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային, Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային և այլ երկրների օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցը բացելու հարցում և իրենց նավերը ուղարկել Մերձավոր Արևելք։ «Եթե պատասխան չլինի, կամ եթե պատասխանը բացասական լինի, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի ապագայի համար դա շատ վատ կլինի», — ասել էր Թրամփը մարտի 15-ին Financial Times-ին տված հարցազրույցում։
Հաջորդ օրը երկրների մեծ մասը, որոնց ուղղված էր կոչը, պատասխանել էր, որ իրենք Հորմուզի նեղուցը պաշտպանելու համար նավատորմ ուղարկելու ծրագրեր չունեն։ «Սա մեր պատերազմը չէ. մենք չենք սկսել այն»,- մարտի 16-ին հայտարարել էր Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, իր հերթին, նշել է, որ իր երկիրը ՄԱԿ-ից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից դրա համար որևէ մանդատ չունի ։
Իր հերթին Մադրիդը ոչ միայն արգելել էր Վաշինգտոնին օգտագործել Իսպանիայի հարավում գտնվող բազաները, այլև փակել էր իր օդային տարածքը այլ երկրներում տեղակայված ամերիկյան ինքնաթիռների համար։




