Երևանի փողոցների վիճակը մնում է մտահոգիչ։ Շատ վարորդներ ասում են, որ խոր փոսերի պատճառով վնասվել են իրենց մեքենաները։ Քաղաքապետարանը վստահեցնում է, որ նորոգում են փողոցները և փոսալցման աշխատանքները դադարեցվում են միայն եղանակային վատ պայմանների դեպքում։
Երևանում կան փողոցներ, որտեղ արևոտ եղանակը ոչինչ չի փոխում․ քանդված ասֆալտը, փոսերը ավտոմեքենաների համար նույնքան վտանգավոր են, որքան անձրևոտ օրերին։
«30 հազար ընկնում ենք, էլի․ գնում ենք նոր անվադող ենք գնում։ Ամբողջ քաղաքն էլ այս ավերված վիճակն է։ 1-2 ժամ, որ կանգնեք, կտեսնեք, թե քանի մեքենա է անվադող վնասում»։
«Ռադիոլուր»-ի զրուցակից տաքսու վարորդն ասում է, որ արդեն մի քանի անգամ փոսերի պատճառով ստիպված նոր դողեր է գնել։
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն ասում է, որ մարտի 28-ին նորոգել են Բաբաջանյան փողոցի փոսերը, սակայն ավտոմեքենաներից մեկն այնուամենայնիվ ընկել է նոր առաջացած փոսը։ Վարորդը ստիպված քարշակման ծառայության է դիմել։
«Այս մանիպուլյատորը քո հաշվին ես կանչե՞լ»
«Բնականաբար»։
Փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքների որակից գոհ չէ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Ավագանու անդամը սոցցանցում գրել է՝ քաղաքի բյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ է ծախսվել, սակայն նոր փռված ասֆալտը արագ քայքայվում է ու նոր վտանգավոր փոսեր առաջացնում։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը դեռ փետրվար ամսին հայտարարեց, որ հակառակ եղանակային վատ պայմաններին ու ասֆալտ արտադրող ընկերությունների արձակուրդային շրջանին, քաղաքային իշխանությունը միջանկյալ լուծում է գտել է․ պայմանավորվել է ընկերություններից մեկի հետ, որ արտադրամասը նախատեսվածից շուտ գործի։ Հենց փետրվարից էլ սկսվեցին մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքները, թեև դա ընդունված պրակտիկա չէր, ընդգծում է փոխքաղաքապետը․
«Փետրվար ամսին, առհասարակ, փոսալցումներ տեղի չեն ունեցել։ Երբեք տեղի չի ունեցել»։
Փոսալցման աշխատանքների մեկնարկից օրեր անց քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց և անդրադարձավ փոսային նորոգումների ընթացքին։
1200 կմ ճանապարհային ցանց ունեցող Երևանում, ըստ Տիգրան Ավինյանի, քաղաքապետարանը մեկ տարում, լավագույն դեպքում հասցնում է նորոգել կամ հիմնանորոգել մինչև 50 կմ ճանապարհ։
«Բայց հիմնական մեր նպատակն այն է, որ տարեց տարի այդ թիվն ավելացնենք, որովհետև միջին նորոգման դեպքում փոսալցման մեծ խնդիր այդ հատվածում այլևս չենք ունենում»։
Քաղաքապետը նշում է, որ մայրաքաղաքի ճանապարհային ցանցի բազմաթիվ փողոցների հիմնական խնդիրը անորակ գրունտային հիմքն է։
«Մեզ մոտ մի կարևոր սկզբունք կա՝ եթե աշխատանքը, սկզբից մինչև վերջ չի տեսալուսանկարահանվում, այդ արված փոսային աշխատանքի համար վճարում չենք կատարում»։
Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը վստահեցնում է, որ անձամբ է հետևում փոսալցման աշխատանքներին։ Ասում է՝ աշխատանքը կատարվում է հիմնականում երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ը։
«Երևանում արդեն իսկ կատարել ենք մոտ 45 հազար քմ փոսալցման աշխատանքներ, նաև կատարում ենք տեղային, հրատապ-ժամանակային լուծումներ, գույքագրում ենք, որպեսզի այնուհետև կատարենք բուն փոսալցման աշխատանքները»։
Անդրանիկ Թևոսյանն ասում է, որ քաղաքապետարանի վերահսկող ինժեներներն ամբողջ գիշեր վերահսկում են աշխատանքի որակը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն էլ լրագրողներին ասել է, որ փողոցային նորոգումները դադարեցվում եմ միայն վատ եղանակի դեպքում։




