
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանում 2027-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերի տարբերանշանի պաշտոնական ներկայացմանը։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել է տեսանյութ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Հայաստանը 2027-ի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 1-ը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի խաղերը․ որոշումը միաձայն ընդունվել է 2024-ին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սա համարում է մեծ վստահություն է և պատիվ ու տեղեկացնում, որ Հայաստանն արդեն սկսել է պատրաստվել։
«Առաջիկա խաղերը նաև ունեն հատուկ խորհրդանշական նշանակություն՝ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը լինելու են հոբելյանական 10-րդը: Հատկանշական է նաև, որ այս խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերն անցկացվելու են մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզուներից չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ֆրանկոֆոնիայի բաց և ներառական բնույթը»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները, նշել, որ խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ և ոչ միայն) և 10 սպորտային (աթլետիկա և պարաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ) անվանակարգերում՝ Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին տեղեկացրելէ, որ արդենբազմաթիվ պետություններ հաստատել են իրենց մասնակցությունը։
«Վերջին ամիսներին, ինչպես նաև այս շաբաթ Երևանում անցկացված քննարկումները հաստատում են Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Հայաստանի իշխանությունների միջև հաստատված երկխոսության որակը՝ սերտ համագործակցության և փոխադարձ վստահության ոգով։ Արդեն իսկ ձեռք բերված առաջընթացի մասին վկայում են մի շարք հանգամանքներ՝ ազգային և տեղական հաստատությունների լուրջ ներգրավվածությունը, այդ թվում՝ մեր այսօրվա մամուլի ասուլիսի շրջանակներում»։
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը վստահեցրել է, որ աջակցում են Հայաստանին՝ նպաստելու Ֆրանկոֆոն 10-րդ խաղերի հաջողությանը։
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերի տարբերանշանը։
«Լոգոյի հիմքում ընկած է հայկական ավանդական հավերժության նշանը՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժումը, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս տարրերը վերաիմաստավորվել են ժամանակակից մոտեցմամբ՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի՝ հասկանալի յուրաքանչյուրի համար անկախ մշակութային սահմաններից»:
Հայաստանում տարվում են Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպչական աշխատանքներ, ստեղծվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ սպասվելիք մեծամասշտաբ միջոցառումներին ընդառաջ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (OIF) միավորում է աշխարհում շուրջ 396 միլիոն ֆրանսախոսի, դրա առաքելությունն է 90 պետությունների և կառավարությունների միջև ձևավորել համերաշխություն։ Այս պետությունները ներկայացնում են ՄԱԿ-ի անդամ երկրների ավելի քան մեկ երրորդը։




