ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ներքին քվեարկություն և նոր որակի քաղաքականություն. ՔՊ–ն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

ՔՊ կուսակցությունում այսօր ներքին քվեարկության երկրորդ փուլն է տեղի ունեցել։ Կուսակցականներն ընտրում էին ՀՀ վարչապետի իրենց թեկնածուին և որոշում, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ովքեր են լինելու ՔՊ ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականներում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին քվեարկության երկրորդ փուլն է։ Գործընթացի մեկնարկի մասին գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեցընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու և որոշում ենք ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը»։

Մոտ մեկ ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ներքին քվեարկության առաջին փուլով ձևավորել էին նախընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների շրջանակը։ Ցուցակի վերջնական դասավորվածությունը որոշվում է երկրորդ քվեարկությամբ։ Այս փուլով կորոշվի նաև, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանը, ժամանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ, հրաժարվեց լրագրողների հետ հրապարակային շփվելուց։ Վարչապետը դա պատճառաբանեց նրանով, որ ամեն շաբաթ կառավարության նիստից հետո մեկժամյա ճեպազրույց է անցկացնում։ Միաժամանակ, ն շուրջ 30 րոպե զրուցեց լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին «առանց հրապարակման» պայմանանով։

Ի տարբերություն վարչապետի՝ ՔՊ կուսակցության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես եկան ճեպազրույցներով։

Լրագրողները կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրին՝ արդյո՞ք հնարավոր է, որ ներկուսակցական քվեարկության արդյունքում առաջադրվի վարչապետի այլ թեկնածու․

«Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն քիչ է հավանական։ ՔՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետև բոլոր 50-ը համարվում են վարչապետի թեկնածու հավանական վարչապետը կարծում եմ՝ հայտնի է»։

Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ պատասխանեց մյուս թեկնածուների ընտրության մասին հարցին, այն է՝ արդյո՞ք մեկ մարդ է որոշում՝ ովքեր են լինելու ընտրացուցակում․

«Հիմա 1000 պատվիրակ ձեր աչքի առաջ գալիս են, քվեարկում են, որ ասում եք՝ մեկ մարդ է որոշում 1000 պավիրակ հենց հիմա ձեր աչքի առաջ այստեղ՝ հետևում գալիս են ու քվեարկում են, որպեսզի ֆիքսեն՝ ո՞վ է առաջին համարը, ո՞վ է երկրորդ համարը, ո՞վ է երրորդ համարը, ո՞վ է չորրորդ համար, ո՞վ է հինգերորդ համարը։ Անցած անգնամ ֆիքսել էին, որ ես եմ հինգերորդ համարը, այդպես ֆիքսելով գնում են։ Այդ մարդիկ են ընտրում»։

ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահը ներկայացրեց իր կարծիքը, թե ինչպե՞ս են այլ կուսակցություններում կազմում նախընտրական ցուցակները։

«Օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխի կուսակցությունում կամ չգիտեմ այդ կոնգլոմերատում, ո՞նց է դա տեղի ունենում։ Այնտեղ մեկ հոգի նստած, այո՛, թուղթը ձեռքը լսում  է, թե այնտեղից ի՞նչ են ասում ԿԳԲ-ի պագոնավոր ձաձյաները ու գրում է, այս մեկը՝ առաջին, այս մեկը՝ երկրորդ, այնտեղ է մեկ հոգու իշխանություն»։

Կուսակցական գործունեության թափանցիկության և ժողովրդավարական արժեքների մասին խոսեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա նկատեց, որ կուսակցության էթիկայի կանոնագրքի ընդունումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների բառապաշարում փոփոխություններ են նկատվում։

«Եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը, հայտարարությունների չափված –ձևվածությունը մինչև կանոնակարգի ընդունումը, ապա սարերի և ձորերի տարբերություն կարձանագրեք, եթե ազնիվ եք ձեր մղումներում»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իրենք փորձում են քաղաքական դաշտին նոր որակ հաղորդել։ Անդրադառնալով վարչապետի մասնակցությամբ մետրոյի վագոնում տեղի ունեցած միջադեպին, Հարությունյանն ընդգծեց մեր հասարակությունում ներողություն խնդրելը հեշտ չէ։

Լրագրողների հետ զրուցեց նաև ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Նա, ասաց, որ չի պատկերացրել, որ ՔՊ–ն լայն աջակցություն ունի Հայաստանի մարզերում։ Նա այդ եզրակացությանն է եկել մարզային այցելությունների ժամանակ։

«Սակայն շփումները ցույց տվեցին, որ մենք ունենք ավելի շատ աջակցություն, քան կարող էինք պատկերացնել, դրա համար մենք բացարձակ մտահոգություն չունենք»։

Պատգամավորը վստահեցրեց, որ իրենց քաղաքական ուժը ընտրողներին առաջին հերթին առաջարկում է խաղաղություն և տարածքային ամբողջականություն։ Նա գտնում է, որ քաղաքական մեծամասնության առաքելությունն է՝ ապահովել, որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս այլ հավակնություններ չունենա։

Կարդացեք նաև

Back to top button