
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը։
Ըստ այդմ որոշվել է՝
1. 2014 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
2. 2014 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:




