ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տարածաշրջանային լարվածությունը կազդի Հայաստանի տնտեսության վրա․ փորձագիտական կարծիք

ՀԲ փորձագետները արձանագրել են, որ Հայաստանի տնտեսական աճը, հատկապես տարեսկզբին, արագացել է ավելի քան 7 %-ով։ Սա պայմանավորված է շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում արձանագրված աճով։ Նույն զեկույցում արտացոլված են նաև զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները, որոնք աճում են Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։ Փետրվարին գնաճն ավելացել է՝ գերազանցելով 4 %-ի շեմը։ Դա պայմանավորված է հիմնականում սննդամթերքի գնաճով։

Հայաստանի տնտեսության զարգացումը ուղղակի և անուղղակի կերպով կախված է նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից։ Մասնագիտական դաշտում արձանագրում են, որ երկարաժամեկտ հակամարտությունը բացասաբար կազդի տնտեսական աճի վրա։

ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն այդ ազդեցությունն այսպես է բացատրում․ «Ռիսկեր որոշակի չափով կան, և ռիսկերը պետք է հաշվի առնվեն նաև այն հանգամանքի պատճառով, որ հակամարտության շրջանակը կարծես թե ընդլայնվում է:

Անկախ նրանից՝ Հայաստանն անմիջապես ինչ չափով կընդգրկվի դրա շրջանակում, միևնույն է, հաղորդակցության ուղիների խնդիրներ կարող են լինել։ Դրանք ակնհայտ են լինելու նաև էներգետիկ ոլորտում։ Հատկապես նկատի ունեմ վառելիքի շուկան։ Իսկ վառելիքի շուկայում և հաղորդակցության ենթակառուցվածքներում, եթե առաջանան խնդիրներ, դրանք բնականաբար որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի գների մակարդակի ու համախառն ներքին արդյունքի ձևավորման վրա»։

Մերձավոր Արևելքի պատերազմը բացասաբար է ազդում սննդամթերքի համաշխարհային գների համար։ Իսկ պարարտանյութերի մատակարարման խափանումները, հնարավոր է, ավելի վատացնեն իրավիճակը։ Ըստ Reuters-ի՝ օրերս այս կանխատեսումներն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ջուլի Կոզակը։

Նա ասել է, որ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներում իր զեկույցները թարմացնելիս հաշվի կառնի հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ CNN-ն էլ հաղորդում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը միացել է Մերձավոր Արևելքի պատերազմի տնտեսական հետևանքների մասին զգուշացնող հիմնական ֆինանսական և տնտեսական մարմիններին։

ՀԲ փորձագետներն ամսական գնահատականներում նշել են, որ հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է։ Դրան գլխավորապես օժանդակել են շինարարությունը (18,7 %, տ/տ) և արդյունաբերությունը (10,6 %, տ/տ)։ Այստեղ էլ հիմնականում աճն ապահովել են հանքարդյունաբերությունը և էներգարտադրությունը։

Մշակող արդյունաբերության աճը հունվարին համեստ է եղել՝ 4,3 % (տ/տ)։ Ոչ առևտրային ծառայությունների և մանրածախ առևտրի աճը կազմել է համապատասխանաբար՝ 7,4 և 7,9 % (տ/տ)։

ՀԲ զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում գնաճը շուրջ 4 %-ի մակարդակում է։ Մասնագիտական դաշտում նկատում են, որ այն արագանալու միտում ունի՝ կրկին կախված տարածաշրջանային իրադարձություններից։ Տնտեսագետ Աղասի Թավադյանն ընդգծում է՝ աշխարհում անորոշությունն այս պահին մեծ է, առկա են գնաճային որոշ վտանգներ․
«Հայաստանում գնաճը թիրախավորվում է 3+/-1 %-ի շրջակայքում, սակայն սա ամբողջական պատկերը չէ։ Սպառողական գների ցուցիչը հաշվարկվում է մոտ 400 անուն ապրանքների գների հիման վրա, ու տարբեր խավերի համար գնաճի ազդեցությունը տարբեր է»։

ՀԲ փորձագետները հունվարին և՛ արտահանման, և՛ ներմուծման ցուցնանիշների երկնիշ անկում են գրանցել։ Դա հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք քարերի և մետաղների վերարտահանման փուլային դադարեցմամբ։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանն ասում է, որ հակամարտությունների տևողությունից շատ բան է կախված․ «Երբ ժամկետները այնպիսին կլինեն, որ դրանք կազդեն մեր ներմուծման ու արտահանման սեզոնայնության վրա, կարծում եմ, շատ ավելի լուրջ կանխատեսումներ պետք է արվեն։ Մտահոգություններ կան, իհարկե։ Ռիսկերը պետք է վերանայվեն»։

Եթե համաշխարհային տնտեսությունն անկում ապրի, դա կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ազդեցություն կարող է լինել նաև այն դեպքում, երբ արտաքին պահանջարկը նվազի՝ արձանագրում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Մարդիկ, որոնք տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջը ինչ-որ վատ սցենարներով են ծավալվում իրադարձությունները, գուցե զերծ մնան էս տարի Հայաստան այցելելուց»։

Մասնագետներն արդեն մատնանշվում են այն ոլորտները, որոնց վրա կարող է ազդել Մերձավոր Արևելքի պատերազմը։ Բայց վերջնական եզրակացությունները կարվեն առաջիկայում։

Կարդացեք նաև

Back to top button