ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Տեղեկությունների արտահո՞սք Մոսկվա. մեղադրանքներ Բուդապեշտի հասցեին և աճող լարվածություն ԵՄ-ում

Եվրոպական միության մեջ լարվածություն է առաջացրել մի հրապարակում, ըստ որի՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը տարիներ շարունակ գաղտնի տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանին։ Մինչ Բուդապեշտը հերքում է այս մեղադրանքները, եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ դա համարում են լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգությանը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն տարիներ շարունակ իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովին է փոխանցել Եվրամիության խորհրդի նիստերում քննարկված գաղտնի տեղեկությունները։ Այս բացահայտումն արել է ամերիկյան Washington Post–ը։

Հղում անելով եվրոպական անվտանգության հարցերով զբաղվող մի պաշտոնյայի՝ պարբերականը գրում է, որ Սիյարտոն ԵՄ նիստերի ընդմիջումների ժամանակ պարբերաբար զանգահարել է Լավրովին և ներկայացրել քննարկումների ընթացքը և հնարավոր որոշումները։ Աղբյուրի ձևակերպմամբ՝ «տարիներ շարունակ ԵՄ յուրաքանչյուր հանդիպման սեղանի շուրջ փաստացիորեն նաև Մոսկվան է ներկա եղել»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արձագանքել է այս տեղեկություններին՝ նշելով, որ դրանք անակնկալ չեն։ X-ի միկրոբլոգում ահա թե ինչ է գրել.

«Լուրը, որ Օրբանի մարդիկ մանրամասնորեն տեղեկացնում են Մոսկվային ԵՄ խորհրդի նիստերի մասին, ոչ ոքի չպետք է զարմացնի։ Մենք վաղուց էինք կասկածում։ Դա է պատճառը, որ ես խոսում եմ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ասում եմ ճիշտ այնքան, որքան պետք է»։

Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարը սկանդալային տեղեկությանը կոշտ գնահատական է տվել.

«Այն, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը՝ Սերգեյ Լավրովի մտերիմ ընկերը, գրեթե յուրաքանչյուր րոպե տեղեկացնում է ռուսներին ԵՄ յուրաքանչյուր նիստի մասին, բացահայտ դավաճանություն է։ Այս մարդը դավաճանել է ոչ միայն իր երկրին, այլև Եվրոպային»։

Բուդապեշտը կտրականապես հերքում է այս մեղադրանքները։ Հունգարիայի իշխանությունները դրանք համարում են «լիակատար սուտ» և «պրոուկրաինական քարոզչություն»։

Ուշագրավ է, որ այս սկանդալը պայթել է այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող վարկին։ Նա ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին մեղադրել է ԵՄ երկրների ինքնիշխանությունն ու արժեքները ոտնահարելու համար։ Իսկ Կալասն իր հերթին ասել է լրագրողներին, որ զայրացած են Օրբանի և Հունգարիայի վրա։ Կարծում եմ՝ գիտեք, որ ընտրությունների ժամանակ մարդիկ այդքան էլ ռացիոնալ չեն՝ շեշտել է Կալասը։

Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոն, արձագանքելով իր անվան հետ կապված սկանդալային տեղեկությանը, X-ում գրել է.

«Ինչպես միշտ կեղծ լուրեր։ Դուք ստեր եք ասում աջակցելու համար «Տիսա» կուսակցությանը՝ Հունգարիայում պատերազմամետ խամաճիկ կառավարություն ունենալու համար։ Դուք դրան չեք հասնի»։

Ըստ վերջին հարցումների՝ Պետեր Մադյարի ղեկավարած «Տիսա» ընդդիմադիր կուսակցությունը Հունգարիայի առաջատար քաղաքական ուժն է՝ մոտ 48 % աջակցությամբ։ Մադյարի գլխավորած ուժն առաջ է անցել վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից, որը, ըստ նույն հարցումների, մոտ 39 % աջակցություն ունի հունգարացիների շրջանում։ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին։

Բացի այդ՝ Washington Post-ը հաղորդել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը փորձել է կեղծ մահափորձ կազմակերպել Վիկտոր Օրբանի դեմ՝ Gamechanger, այսինքն՝ «շրջադարձային գործողության» շրջանակում Օրբանի ընտրական դիրքերը ամրապնդելու համար։

Մինչև այս՝ մարտի 21-ին, Բուդապեշտում տեղի է ունեցել «Պահպանողական քաղաքական գործողություն» համաժողովը, որին մասնակցել են տարբեր երկրների պահպանողական և եվրոսկեպտիկ՝ ԵՄ-ին թերահավատորեն վերաբերվող գործիչներ, որոնց շարքում են եղել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը։ Համաժողովին ցուցադրվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսաուղերձը․ նա աջակցություն է հայտնել Օրբանին՝ նրան բնութագրելով որպես «ուժեղ առաջնորդ, որը ցույց է տվել, թե ինչպես է պետք պաշտպանել սահմանները, մշակույթը, ժառանգությունը, ինքնիշխանությունն ու արժեքները»։

Փոխադարձ մեղադրանքներն ու հակադարձումները ԵՄ–ում շարունակվում են։ Վերլուծաբանները նկատում են՝ արդեն ակնհայտ է, որ այս պատմությունը խորացնում է անվստահությունը Եվրամիության մեջ՝ վեր հանելով ոչ միայն տեղեկատվական անվտանգությանը, այլև քաղաքական համերաշխությանն առնչվող լուրջ խնդիրներ։

Կարդացեք նաև

Back to top button