
Լոնդոնի հյուսիսում չորս շտապօգնության մեքենա է հրկիզվել, որոնք պատկանում էին հրեական համայնքի կամավորական բժշկական ծառայությանը։ Մետրոպոլիտենի ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես հակասեմական ատելության հանցագործություն, գրում է BBC-ին։
Հրդեհը բռնկվել է գիշերը՝ մոտավորապես ժամը 1:40-ին, Գոլդերս Գրին շրջանում։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են այրված շտապօգնության մեքենաներ, որոնցում տեղի ունեցած պայթյունները վնասել են նաև մոտակա շենքի պատուհանները։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է, զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են հարակից շենքերի բնակիչները, իսկ տարածքում ժամանակավորապես փակվել են ճանապարհները։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոնվում են երեք կասկածյալներ, և արդեն ուսումնասիրվում են տեսախցիկների ձայնագրությունները։
Իրավապահները նաև հայտարարել են, որ կապի մեջ են համայնքի կրոնական առաջնորդների հետ և ուժեղացրել են պարեկությունը տարածքում։ Միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել տեղի հրեական համայնքում։
Հարձակման թիրախ դարձած «Հացալա» կազմակերպությունը ոչ առևտրային ծառայություն է, որը 1979 թվականից անվճար շտապ բժշկական օգնություն է տրամադրում Լոնդոնի հրեական համայնքին։ Դեպքի առնչությամբ այս պահին ձերբակալություններ չկան, և ոստիկանությունը կոչ է անում ականատեսներին փոխանցել ցանկացած տեղեկատվություն։




