
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
«Հրանտ Դինք» հիմնադրամը, Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի տնտեսագիտության բաժնի համագործակցությամբ, նոյեմբերի 22-ից 23-ն Անկարայում կազմակերպել է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը. Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով։ Այն կազմակերպել էր «Հրանտ Դինք հիմանդրամը»` նպատակ ունենալով անդրադառնալ «փակ սահմանի քաղաքականությանը», վերջինիս պայմաններում ձևավորված քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներին:
Այսօր 2015-ին ընդառաջ մարդասերի կերպարով աշխարհին ներկայացող թուրքական կողմը, պարբերաբար շրջանառության մեջ է դնում հայ-թուրքական փակ սահմանը բացելու հարցը, իհարկե, նախապայմանի հետ միասին, վերջինս կապելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Հայկական կողմը մերժում է ցանկացած նախապայման, ավելին՝ 2015-ին Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՀՀ նախագահը Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան:
Անկարան լուռ է, իսկ գերտերություններն այսօր քաղաքական շահարկումներից ելնելով են միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկման առարկա դարձնում՝ որպես Անկարայի արտաքին քաղաքականության զսպման մեխանիզմ:
Հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կարող է արձանագրվել, եթե չեղյալ հայտարարվեն հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները: Նման տեսակետ է հայտնել Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Հայ-թուրքականա հարաբերություններում նոր փուլ կսկսվի, եթե չեղյալ հայտարարվեն հայ-թուրքական արձանագրությունները: Այդ դեպքում շատ հնարավոր է, որ 1915 թվականին այդ հարաբերությունները մեկ այլ քաղաքական հարթություն տեղափոխվեն, ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այլ նաև հատուցման առումով»:




