ԿարևորՄշակույթ

Երաժիշտների իրավունքների և մշակութային քաղաքականության մասին են խոսել FIM տարածաշրջանային հանդիպման ժամանակ

Եվրոպայից, Բալկաններից և Կովկասից երաժշտական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու փորձագետները Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագան։

Երաժիշտների միջազգային ֆեդերացիայի` FIM- ի  տարածաշրջանային հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանը։ Սա կարեւոր էր, քանի որ առաջին անգամ է  Հայաստանի ժամանակակից երաժշտական էկոհամակարգը ներկայացվել միջազգային մասնագիտական նման հարթակում։ Այցը համակարգել է hosq մշակութային հիմնադրամը, իսկ կազմակերպիչների և հայկական երաժշտական համայնքի միջև որպես կապող օղակ հանդես է եկել Արվեստի ջատագովման միությունը։

Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի տարբեր երկրների առաջատար երաժշտական միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Սերբիայից, Թուրքիայից, Հունաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից։

«Ազգային զեկույցներ» նիստի շրջանակում hosq հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Մլքե-Գալստյանը ներկայացրել է Հայաստանի ժամանակակից երաժշտական էկոհամակարգի կառուցվածքը, զարգացման միտումները և առկա մարտահրավերները։ Ներկայացման ընթացքում ընդգծվել են ոլորտի մի շարք համակարգային խնդիրներ. համատեղ բանակցությունների մեխանիզմների բացակայությունը, սոցիալական պաշտպանության սահմանափակ գործիքակազմը, եվրոպական չափանիշներին դամապատասխան իրավական դաշտի պակասը, ինչպես նաև ոլորտի և պետական կառույցների միջև երկխոսության թույլ մշակույթը։

Միևնույն ժամանակ, նշվել է, որ այս պայմաններում հայկական երաժշտական համայնքը զարգանում է ինքնակազմակերպված նախաձեռնությունների, միջազգային համագործակցությունների և համայնքային հարթակների միջոցով՝ ձևավորելով նորարար և ճկուն միջավայր։

Հայաստանի ներկայացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում։ Մասնակիցները բարձր են գնահատել հայկական ստեղծարար համայնքի դիմակայունությունն ու նախաձեռնողականությունը՝ ընդգծելով համագործակցության, փորձի փոխանակման և ապագա համատեղ ծրագրերի ներուժը։

Հանդիպման ընթացքում նաև ձևավորվել են նոր կապեր եվրոպական մասնագիտական ցանցերի հետ, ինչը կարող է նպաստել Հայաստանի և միջազգային գործընկերների միջև համագործակցության խորացմանը՝ հատկապես երաժիշտների ներկայացվածության, քաղաքականության հետազոտության, հեղինակային իրավունքի և կրթական ծրագրերի ոլորտներում։

Հայկական պատվիրակությունը նաև հրավեր է ստացել մասնակցելու FIM տարածաշրջանային ցանցի հաջորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի նոյեմբերին Սոֆիայում։

Կարդացեք նաև

Back to top button