
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում հեռուստահաղորդակցության թվայնացման գործընթացն ընթանում է ըստ ժամանակացույցի եւ ամբողջական անցումը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 10-ին: Այս մասին այսօր հայտարարել է Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Թվայնացումը ոլորտի ամենամեծ փոփոխություններից է: Թվային հեռարձակման ներդրման խնդրի վերաբերյալ այսօրվա կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նաեւ հեռարձակող ընկերությունների ղեկավարներ, խնդրով շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Կապի եւ տրանսպորտի նախարարը ներկայացրել է կատարված աշխատանքները, տվել պարզաբանումներ՝ առնչվող տարբեր հարցերի շուրջ: Գագիկ Բեգլարյանը վստահեցրել է, որ սոցիալապես անապահով խավերի՝ թվային համապատասխան ընդունիչներ ձեռք բերելու խնդրի մասին կհոգա պետությունը:
Հեռահաղորդակցության ոլորտը թվայնացնելու հարցում Հայաստանի գործընկեր կազմակերպությունը «Էրիքսոն»-ն է: Թվայնացման գործընթացի ամբողջական արժեքը 6 մլրդ 922 միլիոն դրամ է: Կապի եւ տրանսպորտի նախարարի փոխանցմամբ՝ դրանից ավելի քան 1 մլրդ դրամը հարկերի եւ տուրքերի ձեւով վերադարձվելու է պետական բյուջե: Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ ներկայումս գործող 64 հեռարձակող կայաններն ամբողջապես վերազինվելու են, եւս 150 նոր աշտարակ-կայան է կառուցվելու եւ շահագործվելու:
Թվային հեռարձակման փորձնական թողարկումը մեկնարկել է: Արդյունքը գոհացուցիչ է: Թվային հեռարձակման առավելությունների հարցում՝ կասկածներ չկան: Այն նաեւ էներգախնայող է՝ 6 անգամ արդյունավետ անալոգայինից: Թվայնացումը, բնականաբար, իր հետ բերում է նաեւ սոցիալական որոշակի խնդիրներ:
Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով բնակչության այն ծախսերին, որոնք կապված են թվային ազդանշաններ ընդունող սարք ձեռք բերելու հետ: Դա, անկախ դիմողների թվից, կհոգա պետությունը՝ վստահեցրեց Գագիկ Բեգլարյանը՝ հորդորելով չանհանգստանալ այդ մասով քանակի առումով: Նախարարը նաեւ նշեց, որ գործընթացի ամբողջ շրջանում նախարարությունն աշխատել եւ շարունակելու է աշխատել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով նրանց կառուցողական առաջարկները:




