ԿարևորՀասարակություն

Դեպի Հայաստան նախատեսված մի շարք թռիչքներ դարձյալ հետաձգվել են․ ԱԳՆ-ն տվյալներ է հրապարակել տարբեր երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների մասին

 «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ չեղարկվել է մարտի 16-ի Աբու-Դաբի-Երևան չվերթի ժամը 12։20-ի թռիչքը: Չի կայանա նաև Շարժա-Երևան չվերթի թռիչքը, որը նախատեսված էր ժամը 17։05-ին։ «Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների հետաձգված թռիչքների համար «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված ժամը 22-ը։ Բացի այդ, չեղարկվել է նաև մարտի 17-ի կեսգիշերին նախատեսված Դոհա-Երևան թռիչքը։

Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո հետաձգվել են նաև Երևան-Դուբայ չվերթի թռիչքները։ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով տարբեր երկրներում մնացած ՀՀ քաղաքացիներին վերաբերող որոշ մանրամասներ է ներկայացնում Աննա Նազարյանը։

Իրանում ՀԱԵ Ատրպատականի թեմի Ազգային Առաջնորդարանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ թեմական խորհուրդը թեմի առաջնորդ Գրիգոր Արք. Չիֆթճեանի  գլխավորությամբ, ինչպէս նաև Ուրմիայի Գործակալական խորհուրդը որոշ անվտանգային քայլեր են ձեռնարկել տեղի հայերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել են եկեղեցական արարողությունները և նախապես ծրագրված ազգային նախաձեռնությունները Թավրիզիում և Ուրմիայում ։

Երկու քաղաքների Հայոց ազգային դպրոցներում դասերն անցկացնում են համացանցով։

Նշվում է, որ Ազգային առաջնորդարանը Իրանի դեմ պատերազմի սկզբից մինչև օրս չի դադարեցրել աշխատանքը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուժեղ օդային հարվածներից հայ համայնքը վնասներ չի կրել։

Ատրպատականի Հայոց թեմը տեղեկացնում է նաև, որ առաջնորդը և թեմական խորհուրդը մշտական կապի մեջ են թեմի վանքերի պահապանների հետ և որ հնադարյան վանքերը վերահսկողության տակ են։ Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Ռադիոլուի»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերջին Իրանում գտնվող իր հարազատների հետ կապը ամբողջովին ընդհատված է։ Նա այժմ Հայաստանում է․

«Վերջին 3 օրը լիարժեք խափանվել է ինտերնետը և որևէ կապ չկա։ Մինչև այդ գրավոր կարճ հաղորդագրություն էին թողնում, որ լավ են, բայց հիմա դա էլ չկա։ Սահմանին թե՛ հայերի, և թե՛ պարսիկների համար դժվարություններ կան ինտերնետի բացակայության պատճառով, 12-13 ժամ է տևում անցումը։ Նույնիսկ ընկերներիցս մեկն ասաց, որ Թեհրանում որտեղ իմ տունս է ռմբակոծություն է եղել, բայց փնտրում եմ տեղեկություն ոչինչ չեմ գտնում, որ պարզեմ»։

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ հետևողական է հարվածների տակ գտնվող շրջաններում ՀՀ քաղաքացիների վիճակի հետ կապված հարցերում։

Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ թռիչքների չեղարկման կամ հետաձգման պատճառով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վիճակի մասին ԱԳՆ վերջին թարմացումներում նշվում է, որ Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում է։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը փոքրաթիվ զանգեր է ստանում՝ հիմնականում տեղեկություններ են խնդրում:

Թաիլանդում  ՀՀ 20 քաղաքացի է գտնվում, նրանցից  5-ն ունեն թռիչքի տոմսեր։ Մյուսներն առաջիկա օրերին այդ երկրից հեռանալու մտադրության մասին չեն տեղեկացրել։

Վիետնամում ՀՀ 3 քաղաքացի կա այս պահին։

Թաիլանդում և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունները  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իրաքում գտնվող  Էդգար Աբրահամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց մոտ հայերի վիճակը լավ է և Հայաստան գալու մտադրություն չունեն, թեև ամեն օր ռմբակոծություններ են տեղի ունենում․

«Իրաքի հյուսիսային շրջանում հանդարտ է, բայց ռմբակոծություն եղել է Մոսուլում, Բաղդադում եղել է, օդանավակայանում է գրանցվել, որովհետև ամերիկյան բազա կա օդանավակայանի մեջ, այնտեղ ամեն օր հարվածում են։ Արբիլում նավթաբազաների հատվածում են նաև հարվածներ գրանցվել։ Դաշ Հարիրում էլ են հարվածել, իսկ հայերին ոչինչ չկա, շատ լավ են, ամեն բան առատ է, ուտելիքը և այլն։ Եթե փոխվի իրադրությունը կասեմ»։

Պատերազմի պատճառով մերձավորարևելյան երկրներից Երևան թռիչքների կազմակերպման  բարդություններ են առաջացել։

Երեք օր առաջ Իսրայելի օդուժը հարվածել էր Բեյրութի հայաբնակ համարվող Բուրջ Համուդ թաղամասին մոտ տարածքին։ Տեղի հայերից ոչ ոք  չէր տուժել, «Ռադիոլուր»-ին տեղեկացնում է Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ տեղի հայերը Հայաստան մեկնելու ցանկություն չեն հայտնել․

«Ես չգիտեմ մարդ, որ ուզում է գալ, բայց չի կարողանում։ Ավելին ասեմ, երբ Երևանի քաղաքապետարանի նվագախումբը պետք է վերադառնար, էվակուացիա էր, այնտեղ այդ օդանավի մեջ ազատ տեղեր կային։ Դեսպանատունը հայտարարեց, որ ով կուզի Հայաստան գնալ, սիրով, ազատ տեղեր կան, և ես տեղեկություն չունեմ, որ այդ օդանավը լցվեց։ Հետևաբար սա չափորոշիչ է ասելու, որ նույնիսկ ձրի տոմսի առաջարկը գրավիչ չէ»։

Մարտի 15-ին  Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի թեև ոչ ոք չի տուժել,  Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։ Օդանավակայան տանող ճանապարհները փակ են։

Կարդացեք նաև

Back to top button